Սեպտեմբերի 7-ին կայացել է Ներքին գործերի նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված՝ «Կիբերհանցավորության դեմ պայքարը և մարդու իրավունքները» թեմայով հանդիպում-քննարկումը, որն ուղղված է Հայաստանում կիբերհանցավորության դեմ պայքարում իրավական դաշտի կատարելագործմանը:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նա նշել է, որ կիբերհանցավորության դեմ պայքարը հանդիսանում է ՆԳ նախարարության համար ոստիկանական աշխատանքի զարգացման կարևոր ուղղություններից մեկը և այս ոլորտում ձեռնարկվող քայլերը պետք է գծագրվեն այն փաստի հաշվառմամբ, որ հարցի շրջանակներում առկա են թե՛ իրավական, թե՛ տեխնիկական, թե՛ էթիկական մարտահրավերներ։
Սարգսյանը կարևորել է իրավապահ համակարգի կարողությունների զարգացումը, որը կապահովի թվային աշխարհում ընթացող զարգացումներին համահունչ արձագանքը տարբեր իրավախախտումների դեպքում։ Դրան զուգահեռ շեշտվել է, որ պատահական չէ նաև քննարկման վերտառությունը, քանի որ կիբերհանցավորության դեմ պայքարի շրջանակներում ռիսկեր են առաջանում նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ուստի լուծումները պետք է հավասարակշռող լինեն։
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան գործընկերներին՝ ցուցաբերվող մշտական աջակցության համար և նշել, որ նախորդիվ շահագրգիռ կառույցների հետ ունեցած քննարկումների, ինչպես նաև վերապատրաստումների արդյունքներով ՆԳ նախարարության կողմից ԹՊԻՀ գրասենյակի աջակցությամբ մշակվել է օրենսդրական փաթեթ, որը միտված է առկա խնդիրներից առանձին խումբ հարցերի լուծմանը, և սա հավակնում է լինելու օրենսդրական նախաձեռնությունների շարքի միայն առաջին բաղադրիչը: Օրենսդրական փաթեթում անդրադարձ է կատարվում քրեական, քրեադատավարական օրենսդրական կարգավորումներին և առաջարկվել է օրենսդրական լուծումներ կրիպտոարժույթի հետ կապված գործարքները անկանխիկ եղանակով կատարելու առնչությամբ։
«Կիբերհանցավորության շրջանակներում զարգացող այլ երևույթ կա նաև՝ կրիպտոարժույթը: Այստեղ դաշտը շատ բաց է, չկարգավորված և ինչպես ցանկացած չկարգավորված բան մի կողմից լավ է, որ բոլորս այդ դաշտում ազատ ենք գործելու, իրավաչափության և ոչ իրավաչափության խնդիր չունենք, բայց մեկ այլ կողմից դժվար է լինում ձեռք բերել իրավաչափ ապացույցներ և դրա հիման վրա կառուցել ամբողջ նախաքննությունը և հետագա պրոցեսները հանցագործությունների բացահայտման տեսանկյունից»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Բացման խոսքով հանդես են եկել նաև ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը, ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիսի Հաֆթվանին և ԹՊԻՀ գրասենյակի քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը։
Փոխդեսպանը ևս կարևորել է կիբերհանցավորության դեմ պայքարը և շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարությանը՝ քննարկման առարկա կարևոր նախաձեռնությունը համակարգելու համար։
ՆԳՆ համակարգմամբ մշակված օրենսդրական փաթեթով կիբերհանցավորության դեմ պայքարի շրջանակներում նախատեսվում և մշակվում են գործուն կառուցակարգեր:
«Թե՛ կիբերհանցավորության դեմ պայքարի, թե՛ կրիպտոարժեքներին վերաբերող դաշտերում կան բավականին բացեր և այսօրվա խնդիրն է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ աշխատանքային կարգով քննարկումներ իրականացնել և դրանց արդյունքում մեկ քայլ առաջ կատարել իրավակարգի ամրապնդման հարցում»,- ընդգծել է ՔՈԳՎ կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը։
Քննարկման մոդերատոր Քրիստինա Աֆոյանի համակարգմամբ՝ հանդիպմանը ծավալվել է ակտիվ քննարկում շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկման արդյունքներով վերջնականացնել փաթեթը և ապահովել դրա հետագա ընթացքը։