Ոստիկանությունում ծառայելիս մեկ օրում չեն դառնում լավագույնը։ Այդ կոչման հետևում անթիվ հերթափոխեր են, անքուն գիշերներ, բարդ ու անկանխատեսելի իրավիճակներ և ամենօրյա սրտացավ աշխատանք, որի արդյունքը գնահատվում է ոչ միայն ցուցանիշներով, այլև ծառայության որակով։

Հենց այդպիսի ծառայության արդյունքում էլ Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակը ճանաչվել է 2025 թվականի լավագույն ստորաբաժանում։

Նրանք տարբեր մարդիկ են՝ տարբեր բնավորությամբ, աշխարհայացքով ու նպատակներով, սակայն պարեկի համազգեստը նրանց միավորում է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ծառայել պետությանն ու հայրենիքին, արժանապատվորեն կատարել իրենց առաքելությունը, լինել քաղաքացու կողքին և անհրաժեշտ պահին նրանց օգնության հասնել։

4-րդ գումարտակի այս հաջողությունը մեկ ծառայողի աշխատանքի արդյունքը չէ․ այստեղ յուրաքանչյուր գործողություն մեկ ընդհանուր շղթայի մասն է, որտեղ մեկի ճիշտ քայլը կարող է փոխել իրավիճակի ընթացքը, պատրաստվածությունը՝ կանխել հանցագործությունը, իսկ արագ արձագանքը՝ փրկել քաղաքացու կյանքը։

Համազգեստը ոչ միայն ծառայության խորհրդանիշ է, այլև ամեն օր ինքնակատարելագործվելու ու մասնագիտական հմտությունները հղկելու պատասխանատվություն։ Կարևոր է ոչ միայն իմանալը, այլև սովորելը, ոչ միայն փորձ ունենալը, այլև այդ փորձից հետևություններ անելը։ Յուրաքանչյուր նոր գիտելիք, վարժանք ու բարդ իրավիճակ պարեկին մեկ քայլ առաջ է տանում՝ դարձնելով առավել վստահ, պատրաստ ու պատասխանատու։

«ՊԾ ԵՔԳ 4-րդ գումարտակը 2025 թվականի լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ծառայողների թիմային և սրտացավ աշխատանքի շնորհիվ։ Նրանք գիշեր ու ցերեկ պայքարում են հանցավորության և վարչական իրավախախտումների դեմ, արագ արձագանքում յուրաքանչյուր ահազանգի և 24 ժամ շարունակ քաղաքացու կողքին են՝ աջակցելով ու անհրաժեշտ օգնություն ցուցաբերելով»,-նշում է ՆԳՆ Ոստիկանության ՊԾ ԵՔԳ 4-րդ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանը։

Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանը վստահեցնում է՝ լավագույնի կոչման հիմքում հստակ արձանագրված արդյունքներն են՝ կատարված աշխատանքը, առաջադրանքների պատշաճ կատարումը, բարձր կարգապահությունն ու ծառայության ընթացքում գրանցված ցուցանիշները, որոնք ամենախոսուն գնահատականն են։

«ՊԾ Երևան քաղաքի գունդը բաղկացած է չորս գումարտակից, որոնց ցուցանիշները գրեթե նույնական են՝ թե՛ իրականացված վարչարարությունների, թե՛ հանցագործությունների բացահայտումների և հայտնաբերումների առումով։ Սակայն 4-րդ գումարտակն աչքի է ընկել նաև բացահայտված հանցագործությունների բնույթով՝ մասնավորապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, խոշոր չափերի թմրամիջոցների, ինչպես նաև զենք-զինամթերքի հայտնաբերմամբ»,-ընդգծում է գնդի հրամանատարը։

Տարվա արդյունքներն ամփոփված են, գնահատականը՝ տրված, սակայն ծառայությունը շարունակվում է։ Ուստի սա միայն ամփոփումն էր, ոչ թե վերջակետը, քանի որ Պարեկային ծառայությունում լավագույնը լինելու ձգտումն արտահայտվում է յուրաքանչյուր նոր հերթափոխի հետ, երբ ծառայողը կրկին առերեսվում է իր առջև դրված պատասխանատվությանը՝ լինել այնտեղ, որտեղ իրենց կարիքը կա։

Նմանատիպ գրառումներ