Սեպտեմբերի 15-ին ՆԳՆ կրթահամալիրում հանրապետության վերջին 4 մարզերում ծառայության անցնելու համար սովորող ապագա պարեկների սցենարային վերապատրաստմանը (SBT) հետևում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ- ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի (INL) ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին։

5-ամսյա կրթության վերջին փուլում ապագա պարեկները պրակտիկային զուգահեռ անցնում են ստացված գիտելիքները գործնականում կիրառելու պատասխանատու փուլը: Նորարար մոտեցմամբ այս վերապատրաստումները մեկտեղում են այն տեսական ու գործնական գիտելիքները, որոնք ունկնդիրները ստացել են վերջին 5 ամիսների ընթացքում։ Նման վերապատրաստումները ապագա պարեկներին հնարավորություն են տալիս ծանոթանալ գործնականում հանդիպող իրավիճակներին` նրանց մոտ զարգացնելով օպերատիվ և արագ արձագանքելու հմտություններ:

Սցենարների վրա հիմնված վերապաստրաստումները, որոնք Լոռու և Շիրակի մարզերից սկսած դարձել են պարեկների ակադեմիական ուսումնառության պարտադիր բաղադրիչը, տեղի են ունենում 4 հիմնական ուղղություններով՝ հասարակական կարգի խախտումներ, բարձր ռիսկային մեքենաների կանգնեցում, ստանդարտ մեքենաների կանգնեցում, ընտանեկան բռնության դեպքեր, հարևանների միջև վեճեր: Սցենարները իրական կյանքում հանդիպող իրավիճակների հենք ունեն և վերցված են նաև Պարեկային ծառայության գործունեության արդյունքների ուսումնասիրություններից։ Ուսումնական գործընթացի այս բաղադրիչն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի (INL) և ICITAP առաքելության հետ սերտ համագործակցության արդյունքում։

ՆԳՆ ղեկավարությունն ու ամերիկյան գործընկերները տեղում հետևեցին տարբեր բարդ իրավիճակներում պարեկների գործողություններին. մասնավորապես, երբ անձը ալկոհոլի ազդեցության տակ խախտում է հասարակական կարգը, ինչպես են մեքենայից իջեցնում հարբած ու պարեկների պահանջներին չենթարկվող վարորդներին, ինչպես են առգրավում ապօրինի զենքը և թմրանյութը, ինչպես են կանխում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող անձի ինքնասպանության փորձը և այլն:

Ուսումնական գործընթացն իրականացվում է հայ և ամերիկյան դասախոսների կողմից: Ի տարբերություն նախորդ ակադեմիաների՝ այս ակադեմիայի շրջանակներում մեծ դերակատարումը տրված է հայ վերապատրաստողներին՝ նպատակ ունենալով ամրապնդել կրթահամալիրի ինստիտուցիոնալ կարողությունները հաջորդիվ ակադեմիաների իրականացման շրջանակներում։ Հատկանշական է, որ վերապատրաստողների շարքում են նաև գործող պարեկները, որոնք պրակտիկայում բարձր ցուցանիշներ գրանցելու արդյունքում ընդգրկվել են վերապատրաստող դասախոսական անձնակազմի ցանկում։

 

Նմանատիպ գրառումներ