Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա էին նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Կառավարության հարգելի՛ անդամներ,
Հարգելի՛ դեսպաններ,
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,
Սիրելի՛ կապանցիներ,
Ահա տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք արդեն մի քանի տարի խոսում ենք: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Պարեկային ոստիկանությունն այլևս իրողություն է, և ես ուզում եմ բոլորիս շնորհավորել այս կարևոր առիթով: Մեր այսօրվա առաջին կետում՝ Արմավիրի մարզում, ասացի, որ սա մի վառ և բացահայտ օրինակ է, թե ինչպես են մտքերը ձևակերպվում, դառնում որոշումներ, ապա իրականացվում և արտահայտվում իրական կյանքի մեջ:
Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, միջազգային բոլոր այն գործընկերներին, որոնք աջակցություն են ցուցաբերել Հայաստանում Պարեկային ոստիկանության հիմնադրմանը և աջակցություն են ցուցաբերելու ոստիկանական բարեփոխումներին և բարեփոխումների օրակարգին:
Կրկին ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանության հիմնադրման բյուջեն 29 մլրդ դրամ է, որից 20 մլրդը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 6 մլրդը` Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, 3 մլրդը` Եվրամիության կողմից:
Ուրախ եմ, որ Պարեկային ոստիկանության հիմնադրումն ամփոփելով՝ մենք չենք ավարտում գործընթացը․ և՛ Ոստիկանության բարեփոխումները, և՛ Պարեկային ոստիկանության լավարկումը շարունակելու ենք:
Մենք այսօր շատ հետաքրքիր վիճակագրություն տեսանք: Իհարկե, այնպես ստացվեց, որ Վայոց ձորը դարձավ մեր միակ մարզը, որտեղ Պարեկային ոստիկանության շարքերում կին ծառայող չունենք, բայց ուրախ եմ, որ Սյունիքի մարզում այդ վիճակագրությունը չշարունակվեց: Իհարկե, հենց բուն Պարեկային ծառայությունում մենք ունենք մեկ կին ծառայող: Ես տեսնում եմ, որ օպերատիվ կառավարման կենտրոնում կանանց թիվն ավելի շատ է: Ուզում եմ բոլորիդ հաջողություն մաղթել և ասել, որ մեր հաջորդ փուլի ամենակարևոր աշխատանքը Պարեկային ոստիկանությունում կանանց թիվը մեծացնելն է առնվազն 30 տոկոսով: Մենք մեր ռազմավարությունների մեջ ասել ենք 30 տոկոս, բայց իրականում մեր մտադրությունն այն է, որ Պարեկային ոստիկանությունում ծառայող կանանց և տղամարդկանց թիվը պետք է լինի 50-50:
Տիկին լեյտենանտ, ուզում եմ Ձեզ դիմել՝ ես գիտեմ, որ Ձեզ համար հեշտ չի լինելու, առավել ևս այն պարագայում, որ Դուք արտաքին ծառայության փաստորեն միակ կին ներկայացուցիչն եք լինելու: Կարող եք համոզված լինել, որ մենք ամբողջությամբ աջակցում ենք Ձեզ: Բայց նաև ուզում եմ խոստանաք, որ բոլոր դժվարությունները և բարդությունները կհաղթահարեք: Ընդ որում, ես չեմ ուզում հիմա ասել, որ տղամարդիկ պետք է աջակցեն Ձեզ: Ես հույս ունեմ, որ Դուք ինքներդ Ձեր ծառայությամբ Ձեր տեղը կհաստատեք Պարեկային ոստիկանությունում, բայց դա, իմացեք, առավել կարևոր է ոչ այնքան Ձեզ, այլ նրանց համար, ովքեր պետք է առաջիկայում դիմեն դասընթացների և համալրեն, այդ թվում՝ Սյունիքի, Վայոց ձորի և հանրապետության Պարեկային ոստիկանությունը:
Ուզում եմ նաև շնորհավորել բոլորիդ այս կարևոր օրվա առիթով: Արդեն մասնակիցների կազմը պիտի ասի, թե ինչքան կարևոր միջոցառման ենք մասնակցում: Եվ պիտի նաև արձանագրենք, որ Պարեկային ոստիկանությունն, ըստ էության, Հայաստանի ամենահաս ծառայությունն է: Դուք բոլոր թաղերում եք, դուք բոլոր քաղաքներում եք, դուք բոլոր գյուղերում եք, դուք բոլոր մայրուղիներին եք: Մարդիկ օգնության կարիք ունենալիս առաջինը ձեզ են դիմելու: Մարդիկ խնդիրներ ունենալիս առաջինը ձեզ հետ են շփվելու: Շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ դուք Հայաստանի Հանրապետության դեմքն եք, Հայաստանի Հանրապետության նկարագիրն եք, որովհետև դուք եք ամենաշատը քաղաքացիների հետ շփվելու, և քաղաքացիներն են ամենաշատը շփվելու ձեզ հետ: Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ շփումը լինի անմիջական: Ամենուր մարդիկ տեսնում են ձեզ, ձեր աշխատանքը, լսում են ձեր աշխատանքի արձագանքները և պատկերացում են կազմում, ի վերջո, և՛ Ոստիկանության, և՛ Պարեկային ոստիկանության, և՛ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացների մասին:
Ես ուզում եմ, որ Պարեկային ոստիկանությունը լինի սկզբունքային, լինի օրինապաշտ և հիշի, որ Ոստիկանության բարեփոխումների թիվ մեկ նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը և ազատությունը պաշտպանելն է:
Այս տարվա սկզբին հրապարակված վարկանիշային ցուցակում Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիների ազատության աստիճանով աշխարհի առաջատար երկրների ցանկում առաջին երեք տասնյակում է տեղ զբաղեցնում: Վերջերս հրապարակված մեկ ուրիշ վարկանիշի համաձայն՝ քրեածին իրավիճակով, այսինքն՝ ամենօրյա անվտանգության հարցերով, Հայաստանն աշխարհում 9-րդ երկիրն է, և դա այն պարագայում, երբ Պարեկային ոստիկանությունը դեռ ամբողջական հիմնադրված չէր, գործարկված չէր, այն պարագայում, երբ ոստիկանության բարեփոխումները և այլ բարեփոխումներ դեռևս չեն ավարտվել: Ես համոզված եմ, որ մենք այս ճանապարհին վստահ կքայլենք առաջ:
Շնորհակալ եմ նաև մեր միջազգային գործընկերներին՝ իրենց հանձնառության համար՝ շարունակելու աջակցել Հայաստանի Հանրապետությանը, ընդհանրապես՝ բարեփոխումների օրակարգին և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, օրենքի գերակայության, ազատության հաստատմանը և զարգացմանը:
Հարգելի՛ ներկաներ,
Պարեկային ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,
Բավարարվածությամբ եմ ամփոփում Պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ, ազնիվ, սկզբունքային, պետականակենտրոն և մարդակենտրոն ծառայություն:
Բարի՛ երթ, Հայաստանի Հանրապետության Պարեկային ոստիկանություն:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
Ելույթ է ունեցել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը․
«Մեծարգո՛ պարոն Վարչապետ,
Դիվանագիտական կորպուսի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Պարեկային ծառայության մեկնարկը Սյունիքի մարզում թույլ է տալիս փաստել, որ մենք հետևողականորեն իրագործում ենք նոր ոստիկանություն ձևավորելու մեր ծրագիրը, որը հարիր է ժողովրդավարության այն մակարդակին, որն այսօր արձանագրում է Հայաստանի Հանրապետությունը։
Այսօր Պարեկային ծառայությունը գործարկվել է ևս երեք մարզում, իսկ Սյունիքի մարզով, ըստ էության, ամփոփվում է Պարեկային ծառայությունն ամբողջ հանրապետությունում ներդնելու մեր տեսլականը։
Հետհայացք գցելով Պարեկային ծառայության ստեղծման սկզբնական ժամանակահատվածին՝ պետք է փաստեմ, որ այն նոր Ոստիկանություն ձևավորելու առաջին քայլն էր, որի շրջանակներում ոստիկանության փորձառու ծառայողներն ու քաղաքացիական անձինք համախմբվել են և նոր շունչ հաղորդել իրավակարգի և օրենքի պահպանման կարևորագույն գործառույթին։
Համակարգային այս փոփոխությունը բնականաբար հեշտ չի տրվել, բայց մեր կամքն ու վճռականությունը թույլ է տվել հասնել ցանկալի արդյունքին։ Այս պատասխանատու գործում եղել է և շարունակում է լինել Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր հովանին։ Գոհունակությամբ նշեմ, որ մեծ է եղել նաև մեր միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության ներդրումն այս հարցում, ինչի շնորհիվ հնարավոր են դառնում բոլոր ռազմավարական քայլերի պլանավորումն ու իրականացումը՝ հենված արժեքաբանական միասնականության վրա։
Սիրելի՛ ծառայողներ,
Ձեզանից յուրաքանչյուրի ամենօրյա վարքագծով է ձևավորելու Սյունիքի պարեկային ոստիկանության նկատմամբ հանրային վստահությունը։ Դուք ստացել եք որակյալ կրթություն, ունեք տեխնիկական ժամանակակից հագեցվածություն, սոցիալական երաշխիքների բարձր մակարդակ։ Վստահ եղեք, որ ունեք նաև Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ լիակատար աջակցությունը՝ ոստիկանի պատվաբեր աշխատանքը ողջ նվիրումով կատարելու համար։
Բարի երթ և անփորձանք ծառայություն եմ մաղթում Սյունիքի մարզի պարեկային ոստիկանությանը»։
Ելույթներ են ունեցել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Նրանք բարձր են գնահատել ոստիկանության բարեփոխումների շրջանակում արձանագրված նվաճումները և բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել: