Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի` 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով տեխնիկական առաջադրանք մշակելու, ինչպես նաեւ պայամանագիր կնքելու իրավունք շնորհելու համար գնման ընթացակարգի մրցույթ հայտարարելու ուղղությամբ:
Նշվել է, որ այդ աշխատանքներին զուգահեռ, պարբերաբար «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում կատարվել են փոփոխություններ` ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը երկարաձգելու նպատակով:
Հետագայում, նկատի ունենալով ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը, այն է` ամբողջությամբ անցում կատարելը կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի տրամադրմանը, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել գլոբալ բարեփոխումների` Հայաստանի Հանրապետությունում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլեւ ավելացնել բնակչությանն էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները: Մասնավորապես, ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ` ավելի շատ թվային ծառայություններ մատուցելու եւ այդ աշխատանքներում էլեկտրոնային ստորագրության կիրառումը առավել դյուրին դարձնելու ուղղությամբ:
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետը նշել է, որ ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, ինչպես նաեւ օրենքի 5-րդ հոդվածի 18-րդ մասում եւ 9-րդ հոդվածի 3.1-րդ մասում կատարել համապատասխան լրացում եւ փոփոխություն` պայմանավորված նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրման ու գործարկման հետ եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել` ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով:
Նշվել է նաեւ, որ նախատեսվում է ՀՀ-ում ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ` տալով այնպիսի լուծումներ, որ այն հնարավորություն ունենա բնակչությանը մատուցել թվային ծառայություններ: Այս ուղղությամբ կատարված աշխատանքների շրջանակում ընտրվել են միջազգային խորհրդատուներ, որոնք արդեն իսկ սկսել են ուսումնասիրությունները` ՀՀ կարիքներին համահունչ առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ: Քննարկվել են «Նույնականացման քարտերի եւ կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման անվտանգության պահանջները եւ մրցույթի շրջանակը», որով նախատեսվել է ավարտին հասցնել ՀՀ քաղաքացու կենսաչափական անձնագրի եւ նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման մրցութային փաթեթը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել է, թե երբ ՀՀ քաղաքացին կարող է ստանալ կենսաչափական անձնագիր:
Ի պատասխան նշվել է, որ քանի դեռ մրցույթ չի կայացել, հնարավոր չէ հարցին ստույգ պատասխան տալ:
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը, անդրադառնալով հարցին, նշել է, որ ամբողջ գործընթացն իրականացնում է Ներքին գործերի նախարարությունը: Նշվել է, որ այս պահի դրությամբ տեխնիկական, տնտեսական մանրամասն վերլուծություններ են կատարվել: Այդ ոլորտում միջազգային ընկերությունները հետաքրքրված են, այժմ նրանց առաջարկությունների հիման վրա ամփոփվում են նախաորակման փաստաթղթերը: Երկու փուլային մրցույթ է լինելու, մասնակիցները պետք է նախաորակվեն, հետո արդեն փոքր խմբի միջեւ մրցույթ կիրականացվի:
Ըստ Ներսես Երիցյանի` նախաորակման մրցույթը կհայտարարվի մինչեւ տարեվերջ, դրանից հետո եւս երեք-չորս ամիս կպահանջվի, որ այդ ընկերությունները ներկայացնեն իրենց առաջարկները: «2025 թվականին կունենանք նոր համակարգ»,- ասել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության խորհրդի քարտուղարը:
Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Կառավարության առաջարկով ԱԺ առաջիկա նիստում այն կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:
Օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 6-ի հերթական նիստում: