Առաջին ալիքի «Լուրերի» եթերում Աննա Դանիելյանի հարցազրույցը ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հետ

✔ Անդրադառնալով ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա հարձակման դեպքին՝ Արփինե Սարգսյանը նշել է․ «Հորդորում եմ մեր քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետությունում բնակվող ցանկացած անձի ձեռնպահ մնալ որևէ ապօրինի գործողությունից, հատկապես երբ խոսում ենք զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մասին, կամ պետական մարմինների դեմ ուղղված հանցագործությունների մասին»։

✔ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումների և հետևողական աշխատանքի արդյունքում 2024 թվականի առաջին եռամսյակում շուրջ 45 կգ թմրամիջոց է հայտնաբերվել և առգրավվել, ինչը բավական մեծ ցուցանիշ է, քանի որ ամբողջ 2023 թվականին հայտնաբերվել էր 202 կգ։ Իրականացվող միջոցառումների շրջանակում կարևոր են ոչ միայն հանրային անվտանգության բաղադրիչով աշխատանքները, այլ նաև՝ հանրային առողջապահության։

✔ Ճանապարհատրանսպորտային պատահարների մասով Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ թե՛ իրավապահ համակարգը, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները, թե՛ քաղաքացիները անելիք ունեն․ այստեղ փոխհամաձայնեցված աշխատանք է պահանջվում, պետք է կարողանալ հասնել նաև վարքագծային փոփոխության։

✔ «Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը, որ հետամուտ ենք լինելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասով երկխոսության կայացմանը», – ասել է ՆԳ նախարարի տեղակալը։

✔ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողմից քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումները սպասարկվում են արտահերթ։

Նմանատիպ գրառումներ