Ապրիլի 23-ից 25-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 19-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին Ինտերպոլի 136 անդամ երկրների շուրջ 321 պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ:
Վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը:
Ողջունելով ներկաներին` Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասար Ալ-Ռաիսին ընդգծել է ազգային կենտրոնական բյուրոների կարևոր դերակատարումը Ինտերպոլի գործունեության ոլորտում՝ նշելով, որ ԱԿԲ ները կամուրջ են Կազմակերպության և անդամ երկրների ոստիկանական և իրավապահ մարմինների միջև:
Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքն իր խոսքում կարևորել է Ինտերպոլի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված մի շարք միջազգային օպերացիաները, որոնք հիմնականում միտված էին ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի, ապօրինի միգրացիայի, ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում անդամ երկրների ազգային ոստիկանական և իրավապահ մարմինների կողմից համատեղ համապարփակ գործողությունների իրականացմանը:
Քննարկումները հիմնականում նվիրված էին անդամ երկրներում հանցավորության տարբեր դրսևորումներին և ընթացիկ սպառնալիքներին, տարբեր տարածաշրջաններում անվտանգության ապահովման հարցում Ինտերպոլի կողմից իրականացվող միջոցառումներին, ծրագրերին և տրամադրվող օժանդակությանը: Քննարկվել են նաև քրեական ոստիկանության միջազգային համագործակցության անդամ երկրների ԱԿԲ ների զարգացման, Կազմակերպության հետագա գործունեության հետ կապված մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես` ազգային մակարդակում իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի տվյալների պահոցների առավել ընդլայնված օգտագործումը, տեղեկատվության փոխանակման անվտանգության ապահովումը, երեխաների առցանց սեռական շահագործման հարցում անդամ երկրներին աջակցության տրամադրումը, ինչպես նաև օժանդակությունը ահաբեկիչներին հայտնաբերելու և նույնացնելու ոլորտում:
Վեհաժողովում ընդունվել է հինգ բանաձև:
Հանդիպման շրջանակներում կազմակերպվել է նաև կին ԱԿԲ պետերի առաջին պաշտոնական հանդիպումը, որին մասնակցում էր նաև Ինտերպոլի գլխավոր քարտուղար Շտոքը: Նա իր խոսքում կարևորել է կանանց ղեկավար դերը ԱԿԲ-ների արդյունավետ աշխատանքում:
Վեհաժողովի շրջանակներում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության տարբեր ենթավարչությունների ղեկավարների, անդամ երկրների ԱԿԲ ների պետերի և պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր: