ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության փոխդեսպան Տիմեն Կաովենարին։
Կողմերը քննարկել են միգրացիոն ոլորտում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կամավոր վերադարձի ինստիտուտի ներդրման հարցում Նիդերլանդների կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցությանը, ինչպես նաև քննարկվել այդ ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ վիզա ազատականացման երկխոսության մեկնարկի հնարավորությանն առնչվող հարցերին։
Նույն օրը ծառայության պետն ընդունել է նաև Հարավային Կովկասում Ֆրանսիայի ներքին անվտանգության հարցերով կցորդ Օլիվիե Լեֆեվրին։ Արմեն Ղազարյանը նախ ներկայացրել է Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր ձևավորված համակարգը, ինչպես նաև բարեփոխումների ներկա ընթացքը։
Քննարկվել են միգրացիոն ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերը, հնարավոր զարգացման ուղիները։
Հաշվի առնելով ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն պայմանագրի իրականացման դրական արդյունքները՝ կողմերը անդրադարձել են ՀՀ-ից երրորդ երկրների քաղաքացիների կամավոր վերադարձի ոլորտում ֆրանսիական փորձի հնարավոր կիրառությանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված հարցն ընդգրկել համատեղ իրականացվելիք առաջիկա ծրագրերում։