Սեպտեմբերի 12-ին Կառավարության նիստում հավանության է արժանացել ՆԳՆ կողմից մշակված օրենսդրական նախագծերի փաթեթը, որի արդյունքում կմիավորվեն Ոստիկանության կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, և ՆԳՆ ենթակայությամբ կձևավորվի քաղաքացիական կառավարմամբ ուսումնական հաստատություն, ինչը թույլ կտա մեկ կետից օպտիմալ և արդյունավետ ապահովել կառավարման գործընթացն ու փոփոխել կրթության կազմակերպման բովանդակությունը։

Փաթեթի մշակման հարցում նշանակալի աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից ներգրավված էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրը։

Սեպտեմբերի 13-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է փորձագետ Լաուրի Տաբուրին՝ ՆԳՆ միասնական կրթահամալիրի ձևավորման զարգացումները, կրթության բովանդակային վերափոխմանն ուղղված՝ դեռևս ամիսներ առաջ մեկնարկած համատեղ աշխատանքները քննարկելու նպատակով։

Կողմերը կիսել են այն մոտեցումը, որ օրենսդրական փաթեթը ստեղծում է անհրաժեշտ նախադրյալներ ոստիկանների և փրկարարների պատրաստման, շարունակական կրթության գործընթացը որակական նոր փուլ տեղափոխելու համար՝ միաժամանակ հետևողական աշխատանքի համար մեծ դաշտ բացելով։

Հանդիպման շրջանակներում մանրամասն քննարկվել են ճանապարհային քարտեզով նախատեսված գործողությունների բովանդակությունն ու դրանց ժամկետները։

Սարգսյանը կարևորել է ՆԳՆ կրթահամալիրի կառուցվածքի և անձնակազմի համալրման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա գործընթացում ապահովել ՆԳ նախարարության մշակած քաղաքականությունը կրթահամալիրի մակարդակում իրականացնող դերակատարներին։

Լաուրի Տաբուրը փոխնախարար Սարգսյանին է ներկայացրել հայաստանյան այցի շրջանակներում շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների արդյունքներն ու ընդգծել դրանց արդյունավետությունը։

Այցի շրջանակներում միջազգային բարձր որակավորում ունեցող փորձագետին ընդունել են նաև ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը և Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նոր որակի կրթական միջավայր ունենալու, վերապատրաստումների անցկացման, ինչպես նաև Համայնքային ոստիկանության ձևավորմանը վերաբերող այլ հարցեր։

Նմանատիպ գրառումներ