Դեկտեմբերի 12-ին Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը։
Ազգային ժողովի կողմից ընդունված և արդեն ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումներով միավորվում են ՆԳՆ կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, ինչի արդյունքում կձևավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն:
ՆԳ նախարարության ծավալուն բարեփոխումների շրջանակում այս կարգավորման նպատակը նախարարության ենթակայությամբ գործող մարմինների կադրային պատրաստությունն ապահովելն է։ Համակարգում ցանկացած առաջխաղացում հնարավոր կլինի համապատասխան կրթական խողովակով անցնելու պայմանով։
Ներկայումս ընթանում են նոր ուսումնական հաստատության կառուցվածքի ձևավորմանը միտված նախապատրաստական աշխատանքներ։
Մասնավորապես՝ կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կհաստատվի կրթահամալիրի հաստիքացուցակը։ Այնուհետև, մինչև սահմանված կարգով կրթահամալիրի կառավարման խորհրդի ձևավորումն ու ռեկտորի ընտրության մրցույթի անցկացումը, կնշանակվի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Կրթահամալիրի հաստիքների համալրումը տեղի կունենա հարցազրույցի ձևաչափով․ կարևոր նախապայման է աշխատակիցների համար սոցիալական երաշխիքների պահպանումն ու ապահովումը։
Կառավարման միասնական արդյունավետ մոդելի շնորհիվ նոր ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը կհամապատասխանեն ՆԳ նախարարության վարած քաղաքականությանը։

Նմանատիպ գրառումներ