Փետրվարի 13-ին Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման ՆԳ նախարարության առաջարկին։
Համաձայն հուշագրի՝ մի երկրի քաղաքացիները մյուս երկիր ոչ մշտական բնակության համար գնալու դեպքում կկարողանան օգտագործել իրենց վարորդական իրավունքները՝ միաժամանակ, բավարարելով այդ երկրի վարորդական իրավունք ունենալու նվազագույն տարիքի պահանջներին։
Իսկ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում կդյուրացվի վարորդական վկայականի փոխանակման գործընթացը, նրանք կազատվեն տեսական և գործնական քննություններից։
Երկու երկրների վարորդական վկայականները կճանաչվեն առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ չվերահաստատելով դրանց վավերականությունը։
Վերջին տարիներին դինամիկ զարգանում են ՀՀ- ԱՄԷ հարաբերությունները, իսկ 2024 թ. փետրվարի 1-ից երկու երկրների քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի մինչև 90 օր ժամկետով գտնվել մեկը մյուսի տարածքում, ինչը նպաստում է փոխայցերի ավելացմանն ու լրացուցիչ հարմարավետություն ապահովում երկու երկրների համար։
Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև տրանսպորտային ոլորտի համագործակցության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրի արտաքին քաղաքական ուղղությունների իրականացմանը, մասնավորապես՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ փոխգործակցության ընդլայնմանը։