Ներքին գործերի նախարարությունը սկսում է հանրային ծառայությունների մատուցումը նոր ձևաչափով, նոր որակով և նոր պայմաններում։

Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրապետությունում կիրականացնեն շրջիկ սպասարկում՝ արդեն ընդլայնված ցանկով և հարմարավետ ու հատուկ կահավորված մեքենաների միջոցով։

Յուրաքանչյուր ամիս Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվելու է ծառայությունների մատուցման ժամանակացույցն ու վայրերը, որին հետևելով՝ կարող եք ընտրել Ձեզ հարմար օրն ու ժամը և սպասարկվել նախանշված տեղում։

Մարտ ամսվա ընթացքում ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն՝

մարտի 13-ին, ժամը 10։30-13։30, Արարատի մարզի Երասխ և ժամը 14։30-15։30 Զանգակատուն (մեքենաները տեղակայվելու են գյուղերի շրջանաձև երթևեկության ճանապարհահատվածում), ինչպես նաև, զուգահեռաբար, ժամը 10։30-13։30 Կոտայքի մարզի Գառնի (Շահումյան հրապարակում) և ժամը 14։30-17։30 Բյուրեղավան (Զորավար Անդրանիկի փողոց՝ Մշակույթի տան հարևանությամբ) համայնքներում՝ իրականացնելով դիմումների ընդունում և խորհրդատվական ծառայությունների մատուցում։

Մարտի 20-ին, ժամը 10։30-12։30, Արարատի մարզի Երասխ համայնքում ՆԳՆ շարժական գրասենյակը կիրականացնի փաստաթղթերի հանձնման աշխատանքներ, իսկ մարտի 21-ին, ժամը 10։30-12։30 պատրաստի փաստաթղթերը կհանձնվեն քաղաքացիներին արդեն Կոտայքի մարզի Գառնի համայնքում, իսկ ժամը 13։30-15։30՝ Բյուրեղավանում։

Մարտի 20-21-ին, միաժամանակ շարժական գրասենյակները կայցելեն Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներ՝ իրականացնելով դիմումների ընդունման և խորհրդատվական ծառայությունների մատուցման աշխատանքներ, զուգահեռաբար՝ նույն օրերին մեկ այլ շարժական գրասենյակ կլինի Լոռու մարզի Թումանյան և Ախթալա համայնքներում։ Մեկ շաբաթ անց՝ մարտի 28-ին, Գեղարքունիքի և Լոռու մարզի նույն համայքներում գրասենյակները կտրամադրեն թողարկված փաստաթղթերը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների տիրույթում կմատուցվեն հետևյալ ծառայությունները․

✔️ անձնագրի փոխանակում,
✔️ հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքի տրամադրում,
✔️ հաշվառման տեղեկանքի տրամադրում,
✔️ ժամանակավոր պաշտպանության վկայականի տրամադրում/փոխանակում,
✔️ հաշվառումից հանում,
✔️ ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում,
✔️ անձնագրերի մասին տեղեկանքի դիմումների ընդունում,
✔️ խորհրդատվության տրամադրում։

Հաշվառման-քննական բաժինների տիրույթում կմատուցվեն հետևյալ ծառայությունները․

✔️ վարորդական իրավունքի վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
✔️ սեփականության վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
✔️ հաշվառման վկայագրի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
✔️ հաշվառման վկայագրում անձնագրային տվյալների փոփոխություն,
✔️ տրանսպորտային միջոցի խոտանում,
✔️ հաշվառման ժամանակավոր կասեցում,
✔️ սահմանափակումների մասին տեղեկանքի տրամադրում։

Նմանատիպ գրառումներ