Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ հոկտեմբերի 23-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները մասնակցել են Եվրամիության միգրացիայի և ապաստանի մասին պակտի վերաբերյալ տեղեկատվական քննարկմանը։ Մասնակցում էր նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:

Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է, որ միջազգային հարթակում ապաստանի և միգրացիայի ոլորտում տեղի ունեցող ինտենսիվ փոփոխությունները չեն կարող շրջանցել նաև Հայաստանը, որն այսօր հանդես է գալիս թե՛ որպես ընդունող, և թե՛ որպես ծագման երկիր։

ԵՄ միգրացիայի և ներքին գործերի տնօրինության ապաստանի բաժնի պատասխանատու Դեյվիդ Պրպան ներկայացրել է պակտի հիմնական դրույթները, սկզբունքներն ու գործիքակազմը։ Նշվել է, որ փաստաթուղթը գործարկվելու է 2026 թվականի երկրորդ կեսին։

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանն իր խոսքում նշել է, որ պակտի քննարկումը միգրացիայի միջազգային գործընթացներին առնչվելու հնարավորություն է, ինչը հատկապես կարևոր է անկանոն հոսքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում։

Քննարկվել են ապաստանի ազգային օրենսդրությանը և նախատեսվող փոփոխություններին վերաբերող մի շարք հարցեր։

Նոր փաստաթուղթը նախատեսում է մի շարք կարևոր փոփոխություններ, այդ թվում՝
• ձեռքով կատարվող աշխատանքների կրճատում,
• տվյալների թափանցիկության բարձրացում,
• տվյալների ինքնաշխատ ստուգման գործառույթների ներդրում և այլ նորարարական լուծումներ։

Ծառայության աշխատակիցները ներկայացրել են ՀՀ-ում ապաստանի ընթացակարգերը, այդ թվում՝
• դիմումների քննության գործընթաց,
• գործընկեր կառույցների հետ համագործակցության ձևաչափեր,
• առկա մարտահրավերներ և դրանց հաղթահարման ուղիներ։
Մասնակիցները վերահաստատել են Հայաստանում միգրացիայի և ապաստանի համակարգերի շարունակական բարելավմանը ուղղությամբ իրենց պատրաստակամությունը. ծավալվել է ակտիվ քննարկում:
Հանդիպումը կազմակերպվել էր «Հայաստանում միգրացիայի և ապաստանի արդյունավետ կառավարման քաղաքականության շրջանակի և կարողությունների բարելավում» նախագծի շրջանակում՝ Եվրամիության կողմից համաֆինանսավորվող՝ Հայաստանում UNHCRArmenia/ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ։

Նմանատիպ գրառումներ