
Պրահայի գործընթացի Միգրացիոն դիտարանային կենտրոնի (Prague Process Migration Observatory) նախաձեռնությամբ և Միջազգային միգրացիոն քաղաքականության զարգացման կենտրոնի (ICMPD) ու Եվրոպական միության աջակցությամբ, նոյեմբերի 4–5-ը Երևանում կայացել է միգրացիոն կառավարման ռազմավարական հաղորդակցության թեմայով միջազգային հերթական աշխատաժողովը։
Աշխատաժողովին մասնակցել են տարբեր երկրների պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և փորձագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ժամանակավոր ղեկավար Տոմաշ Օստրոպոլսկին և Պրահայի գործընթացի քարտուղարության ղեկավար Ռադիմ Զակը։
Արմեն Ղազարյանը իր խոսքում ընդգծել է նման հանդիպումների շարունակականության կարևորությունը՝ շեշտադրելով փորձի փոխանակման անհրաժեշտությունը միգրացիոն քաղաքականության արդյունավետության բարձրացման գործում։
Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է Հայաստանյան համատեքստում միգրացիոն ռազմավարական հաղորդակցության ձևերը, մանրամասնել Ծառայության վերջին տարիների լուրջ մարտահրավերները, ընդգծել կիրառվող ճշգրիտ տերմինաբանության կարևորությունը՝ ապատեղեկատվությունը և հանրային թյուրիմացությունը կանխելու նպատակով:
Քննարկումների ընթացքում մասնակիցները անդրադարձել են իրենց երկրներում հաղորդակցության ռազմավարությունների ձևավորմանը և միգրացիոն հոսքերի կառավարմանն առնչվող մարտահրավերներին։ Թեմատիկ նիստերի շրջանակում քննարկվել են նաև՝
* միգրացիոն պատմությունների վրա ազդող միտումները և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքները,
* վիզային ազատականացման գործընթացի վերաբերյալ հաղորդակցության լավագույն փորձերը,
* պատմողականության և մեդիայի դերը միգրացիոն հաղորդակցության արդյունավետության բարձրացման գործում,
* ինչպես նաև՝ ճգնաժամային իրավիճակներում հաղորդակցության կազմակերպման առանձնահատկությունները։
Մասնակիցները կենտրոնացել են միգրանտների և ապաստան հայցողների հետ արդյունավետ հաղորդակցության վրա։ Քննարկվել են տեղեկատվական արշավների կազմակերպման ձևաչափերը, ապաստանի գործընթացի սկզբնական փուլերում հաղորդակցության ընթացակարգերը, ինչպես նաև միգրանտների և հանրության հետ հաղորդակցման հմտությունները։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև զեկույցներ և դիտարկումներ՝ նվիրված ԵՄ նոր մուտք/ելք համակարգին, ինչպես նաև Պրահայի գործընթացի Միգրացիոն դիտարանային կենտրոնի գործունեությանը։
Աշխատաժողովին ընդգծվել է հաղորդակցության առանցքային դերը միգրացիոն կառավարման արդյունավետության, քաղաքականության թափանցիկության և հանրային իրազեկվածության բարձրացման գործում։
Գործնական աշխատանքներն ու խմբային քննարկումները մասնակիցներին հնարավորություն են տվել փոխանակվել լավագույն փորձով, ներկայացնել իրենց երկրներում գործող միգրացիոն նարատիվները, խոչընդոտները և խթանող գործոնները, ինչպես նաև առանձնացնել լավագույն լուծումները՝ Պրահայի գործընթացի շրջանակում համագործակցության շարունակականությունը խորացնելու նպատակով։


















