2025 թ․ նոյեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների Հայաստան այցի ընթացքում հայկական կողմին պաշտոնապես փոխանցվեց ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։

📌Գործողությունների ծրագիրը ներառում է 74 հենանիշ (benchmark), որոնք բաժանված են չորս հիմնական ուղղությունների՝

1. Փաստաթղթերի անվտանգություն՝ ներառյալ կենսաչափական համակարգ,
2. Սահմանների համալիր կառավարում, միգրացիայի կառավարում և ապաստան,
3. Հասարակական կարգ և անվտանգություն, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը,
4. Արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:

Գնահատումը կիրականացվի երկաստիճան ձևաչափով՝
• իրավական և քաղաքական շրջանակի ձևավորում,
• դրանց գործնական իրականացում և կիրառություն:

Գործողությունների ծրագրով առանձնացված և առաջնահերթություն համարվող ուղղություններից են՝

✔️Փաստաթղթերի անվտանգության համալիր էկոհամակարգի ստեղծում, այդ թվում՝ նոր սերնդի կենսաչափական անձնագրերի տրամադրում, անձի նույնականացման մեխանիզմների ամրապնդում,

✔️ՀՀ քաղաքացիության օրենսդրության վերանայում,

✔️Սահմանների համալիր (ինտեգրված) կառավարում՝
☑️սահմանային ստուգումների և հսկողության կատարելագործում
☑️տվյալների փոխանակման և համագործակցության ամրապնդում
☑️ռիսկերի վերլուծության և պրոֆիլավորման արդյունավետ մեխանիզմների ներդրում
☑️սահմանապահ աշխատակիցների կարողությունների զարգացում,

✔️Վերադարձի և վերաինտեգրման համակարգերի ամրապնդում՝
☑️հետընդունման և վերաինտեգրման մեխանիզմների հզորացում
☑️Հայաստանի տարածքում անկանոն կարգավիճակում գտնվող երրորդ երկրների քաղաքացիների վերադարձման արդյունավետ մեխանիզմներ,

✔️Ներքին անվտանգության համակարգերի բարելավում՝
☑️հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի ռազմավարության ընդունում, իրականացում
☑️իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացում,

✔️Կոռուպցիայի դեմ պայքարի հզորացում, այդ թվում՝
☑️հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ կիրարկում
☑️կանխարգելիչ և քննչական գործիքակազմի ընդլայնում,

✔️Հակախտրականության օրենսդրության հզորացում և կիրառություն՝ ապահովելով համընդհանուր հավասարություն,
✔️Անձնական տվյալների պաշտպանության համակարգի համապատասխանեցում ԵՄ չափանիշներին,
✔️Տեղեկատվական փոխանակման և համագործակցության խորացում ԵՄ կառույցների հետ, ներառյալ՝ Եվրոպոլի (Europol), ԵՄ սահմանային և առափնյա գործակալության (Frontex),

✔️Հանրային իրազեկման բարձրացում՝
☑️հանրությանը տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն վիզաների ազատականացման գործընթացի, պարտավորությունների և սահմանափակումների մասին
☑️կանխել ապատեղեկատվության տարածումը,

✔️Մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացում, հատկապես՝
☑️փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովում
☑️խոցելի խմբերի պաշտպանության մեխանիզմների կատարելագործում։

Գործընթացի դրական գնահատման վերջնարդյունքում՝ ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է Եվրամիության երկրներ առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն։ Այս ռեժիմի համաձայն՝ կենսաչափական անձնագրով ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Շենգենյան տարածք կարճաժամկետ այցերի համար։ Իրավակարգավորումը վերաբերելու է C տեսակի կարճաժամկետ շենգեն վիզային՝ յուրաքանչյուր տարվա մեջ 180 օրվա ընթացքում 90 օր գտնվելու իրավունքով:

📌Հիշեցում. ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թ․ սեպտեմբերի 9-ին։ 2025 թ. ընթացքում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) մշակման նպատակով Հայաստան են ժամանել ԵՄ փորձագիտական երկու առաքելություններ։ Այդ առաքելությունների զեկույցների արդյունքում Եվրոպական հանձնաժողովը կազմել է նախագիծ, որը ներկայացվել է ԵՄ անդամ պետությունների հաստատմանը։ ԵՄ անդամ երկրների առաջարկներով փաստաթուղթը վերջնականացվել է և փոխանցվել հայկական կողմին: Վիզաների ազատականացման գործընթացի համակարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ ՆԳ նախարարության կողմից՝ համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։

Նմանատիպ գրառումներ