Հունվարի 22-ին անցկացվել է «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

Մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, Ներքին գործերի, Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Արմեն Մկրտչյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը, Ծրագրի համակարգողներին և փորձագետներին։

Արձանագրված արդյունքների շարքում փոխնախարարն անդրադարձել է հանցավորության կանխարգելման ռազմավարական փաստաթղթի նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Նրա խոսքով՝ Հայաստանում առաջին անգամ մշակվել է համապարփակ ռազմավարություն, որը ներառում է հանցավորության դեմ պայքարը ինստիտուցիոնալ մակարդակում:

Իրականացվել են վերլուծական և հետազոտական աշխատանքներ, միջազգային գործընկերների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են քննարկումներ, և ներկայացված առաջարկներն ու դիտարկումները ներառվել են փաստաթղթում։

Արձանագրվել է, որ հանցավորության կանխարգելումը չի կարող դիտարկվել որպես միայն իրավապահ համակարգի խնդիր. այն ձևավորվում է տարբեր միջավայրերում և միայն թիրախավորված գործողությունները կարող են ապահովել շոշափելի արդյունքներ։

Անդրադառնալով ռազմավարության անվտանգային ստանդարտներին և գործիքակազմին՝ Արմեն Մկրտչյանը նշել է, որ դրանք կարևոր են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ վիզաների ազատականացման տեսանկյունից։

Դեսպան Վասիլիս Մարագոսն անդրադարձել է գրանցված արդյունքներին, շահառու մարմինների կատարած աշխատանքին, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանն ու պետական կառույցների հետ համագործակցությանը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակելու Հայաստանի գործընկերներին աջակցելու հանձնառությունը:

Ներկայացվել են 4 տարիների ընթացքում Ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները։

Պանելային քննարկումների ժամանակ մասնակիցները խոսել են Ծրագրում ներգրավվածության, համատեղ աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին։

Ծրագիրն իրականացվել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ։

Նմանատիպ գրառումներ