Սիմուլյացիոն վարժանքներ, աղետներին դիմակայելու կարողությունների ամրապնդում, համակարգված արձագանքում…

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում փետրվարի 25-ին բացվել է՝ աղետներին պատրաստվածությանն ու համայնքների դիմակայունությանը նվիրված ցուցահանդեսը․ լուսանկարների հեղինակը ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության աշխատակից Վահե Եղիազարյանն է։

Միջացառմանը ներկա էր ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին և գործընկեր կազմակերպություններին՝ համագործակցության և նախաձեռնության իրականացման համար։

Հայաստանում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին կարևորելով համայնքների աղետներին պատրաստվածության ու արձագանքման, ռիսկերի նվազեցման ուղղությամբ ձեռնարկված համատեղ ջանքերը՝ բարձր է գնահատել նման ցուցահանդեսների կազմակերպումը:

Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Կիրի Ատրիի խոսքով՝ «Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությունը ձևավորվել է կայուն և արդյունավետ գործընկերային հիմքով, որի արդյունքում իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր։ Ցուցադրված լուսանկարներն արտացոլում են Փրկարար ծառայության և միջազգային գործընկեր կազմակերպությունների համատեղ աշխատանքը։ Լուսանկարներում ներկայացվում են առանցքային գործողություններ՝ բնակիչների տարհանում, տուժածներին օգնության ցուցաբերում, անվտանգ վայր տեղափոխում և աջակցություն արտակարգ իրավիճակներում»։

Ցուցահանդեսում ներկայացված են Փրկարար ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, գործընկեր կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ իրականացրած միջոցառումներից լուսանկարներ:

«ՆԳՆ Փրկարար ծառայությունը մշտապես կարևորել է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ միջոցառումների անցկացումը։ Հանրապետության բոլոր համայնքներում միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ, հանձինս ՄԱԿ-ի փախստականների գործակալության, իրականացրել ենք մի շարք միջոցառումներ»,- ներկայացնում է Փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նախապատրաստման բաժնի պետ Յուրի Գրեյանը:

Ցուցահանդեսի ուղերձը հստակ է՝ բնակչության պատրաստվածության բարձրացման գործընթացը պահանջում է համայնքների կարողությունների շարունակական զարգացում և այդ ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու միջազգային գործընկերների սերտ աշխատանք։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ներքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցությամբ՝ ԵՄ մարդասիրական կազմակերպության համաֆինանսավորմամբ և գործընկեր կազմակերպությունների ու համայնքների հետ համատեղ իրականացվող՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և համայնքների դիմակայունության խթանմանն ուղղված ծրագրի շրջանակում։

Նմանատիպ գրառումներ