
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է «ՀայՓասի» տնօրենների խորհրդի նախագահ, IN Groupe-ի գործադիր կոմիտեի անդամ Դունիա Էլ Հասնաուի գլխավորած պատվիրակությանը՝ վերահաստատելու համատեղ հանձնառությունը կենսաչափական փաստաթղթերի արտադրության և տրամադրման, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ընդհանուր փորձառության ոլորտում նոր բարձր չափանիշներ սահմանելու հարցում։
Ներկայացվել է կենսաչափական համակարգի ներդրման համալիր ճանապարհային քարտեզ, ինչը ենթադրում է հաջորդական փուլերով ինստիտուցիոնալ բարեփոխումներ։
Բարձր գնահատելով ձևավորված վստահելի և կառուցողական գործընկերությունը՝ նախարարը կարևորել է նախանշված ծրագրերի հաջող ու ժամանակին իրականացումը, ինչը հաստատուն հիմք կհանդիսանա փոխգործակցության հետագա ընդլայնման համար։
Կողմերը քննարկել են ծրագրի մեկնարկի ժամանակացույցը և համաձայնեցրել, որ գործընթացի մեկնարկային փուլում կապահովվի միջազգային eIDAS ստանդարտին համապատասխան տվյալների կենտրոնի գործարկումը, անձը հաստատող փաստաթղթերի դիմումների կառավարման ծրագրային ապահովումը, որը կունենա քաղաքացիներին հասանելի նախագրանցման հարթակ։ Ծրագիրը կմեկնարկի մասնավորի կողմից նորարար լուծումներով կահավորված գրասենյակների գործարկմամբ՝ հանրապետության ողջ տարածքում, որոնցից 2-ը Երևանի բանուկ առևտրի կենտրոններում։ Կողմերը վերահաստատել են իրենց միասնական հանձնառությունը կենսաչափական փաստաթղթերի արտադրության և տրամադրման, ինչպես նաև քաղաքացու փորձառության ոլորտում նոր բարձր ստանդարտ սահմանելու հարցում։ Գրասենյակների թիվը ծրագրի մեկնարկին հաջորդող ամիսներին շարունակաբար կավելանա՝ հասնելով 23-ի։ Գրասենյակների նախագծային կոնցեպտուալ լուծումները առանձին քննարկման են արժանացել․ խստիվ պահպանվելու են պայմանագրով նախատեսված չափորոշիչները, այդ թվում՝ խոշոր կենտրոններում մանկական խաղասրահները, հարմարավետ սպասասրահները, սպասելաժամանակի և սպասարկման առավելագույն սահմանաչափերը, բոլորը մեկում ինքնասպասարկման սարքերի տեղադրումը։
Նախարար Սարգսյանն ընդգծել է սահմանված ժամանակացույցի համատեղումը որակական բարձր չափանիշների հետ՝ նշելով, որ մի կողմից ՆԳ նախարարությունը հանձնառու է խոստացած ժամկետները պահպանելու հարցում, այն է՝ ընթացիկ տարվա 2-րդ կիսամյակը, մյուս կողմից հետևողական է որակական չափորոշիչների խստիվ պահպանմանը, և մեկի հաշվին մյուս կատեգորիայում զիջում չի լինելու։
Ընդգծվել է, որ նույնականացման քարտերի տպագրությունն արդեն մեկնարկել է։ Անձնագրի հետ կապված աշխատանքները վերջնականացման փուլում են, առաջիկայում կհաստատվի նաև անձնագրի մասսայական տպագրությունը։
Կողմերը քննարկել են նաև կենսաչափական անձնագրերի կիրառությունը հնարավոր տարբեր սցենարներով, դրանց փոխգործելի լինելու հրամայականը սահմանային կառավարման նորագույն լուծումների հետ։
Եվրոպական չափանիշներին համապատասխանող կենսաչափական համակարգի ներդրումը կարևոր քայլ կլինի նաև վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։
Հիշեցնենք, որ 2025 թ. ապրիլին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և «ՀայՓաս» ՓԲԸ միջև ստորագրվել է պայմանագիր՝ Հայաստանում ժամանակակից ազգային նույնականացման և կենսաչափական կառավարման ենթակառուցվածքի մշակման և ներդրման նպատակով։ «ՀայՓաս» ՓԲԸ-ն հիմնադրվել է IN Groupe-ի և Corporación América Group-ի կազմում գործող A.C.I Technology ընկերության կողմից։
IN Groupe-ը նույնականացման ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատարներից է, ունի շուրջ 4000 աշխատակից 40 երկրներում, մատուցում է ծառայություններ շուրջ 130 երկրների կառավարություններին և մասնավոր ընկերություններին, ունի 20 հետազոտական կենտրոնների և 10 արտադրամասերի գլոբալ ցանց։
Corporacion America Group-ը միջազգային բիզնես խումբ է, որը գործունեություն է ծավալում Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտներում, այդ թվում՝ օդանավակայանների կառավարման, անշարժ գույքի, ֆինանսների և ագրոբիզնեսի ոլորտներում։ Խումբը Հայաստանում ունի ավելի քան 3000 աշխատակից։ Կոնսորցիումը կօգտվի խմբի Հայաստանում ունեցած զգալի ներկայությունից և հայկական շուկայի խորքային ճանաչողությունից։ Իր դուստր ընկերությունների միջոցով A.C.I. Technology-ն ունի ժամանակակից խելացի քարտերի և փաստաթղթերի արտադրության լայն փորձ՝ Լատինական Ամերիկայում գործող իր արտադրական հարթակում։






























