ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 9–11-ը աշխատանքային այցով գտնվում է Վիեննայում՝ մասնակցելու ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին։ Նստաշրջանը նախագահում է Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։

Արմեն Ղազարյանն իր ելույթում նշել է, որ թմրամիջոցների անօրինական արտադրությունն ու շրջանառությունը շարունակում են լուրջ և բարդ սպառնալիք ներկայացնել հանրային առողջության և անվտանգության, պետության կայունության, ինչպես նաև արագ փոփոխվող միջավայրում կայուն զարգացման համար։

ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ թմրամիջոցների ապօրինի արտադրության և շրջանառության խնդիրը չի կարող արդյունավետորեն լուծվել որևէ առանձին իրավապահ մարմնի կամ մեկ կազմակերպության մանդատի և կարողությունների շրջանակում։

«Որպես Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող երկիր՝ Հայաստանը գիտակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ համաշխարհային պայքարում իր հատուկ պատասխանատվությունը և կարևորում է միջազգային համագործակցության ու համաձայնեցված ջանքերի ընդլայնումը։ Այս նպատակին հասնելու համար Հայաստանը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային և միջկառավարական հարթակների հետ։ Մասնավորապես, թմրամոլության սպառնալիքներին դիմակայելու նպատակով Հայաստանը միացել է համաշխարհային կոալիցիային»,– նշել է Արմեն Ղազարյանը և ընդգծել, որ 2024 թվականին ՆԳ նախարարությունը թմրամիջոցների դեմ պայքարում ստանձնած հանձնառությունը լիարժեք կատարել է։

ՆԳ նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ թմրանյութերի ապօրինի օգտագործման դեմ պայքարը պետք է լինի համապարփակ, հավասարակշռված և մարդակենտրոն։ Նրա խոսքով՝ արդյունավետ քաղաքականությունը հիմնված է այն գիտակցման վրա, որ յուրաքանչյուր վիճակագրական տվյալների հետևում իրական մարդիկ են, որոնք կարիք ունեն աջակցության, բուժման և ապաքինման հնարավորությունների։

Այդ համատեքստում Արմեն Ղազարյանը հիշեցրել է, որ 2019 թվականին Հայաստանի կառավարությունը ընդունել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային համագործակցությունն ու աջակցությունը՝ ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև տեխնիկական և գործառնական կարողությունների հետագա ամրապնդման ուղղությամբ։

ՆԳ նախարարի տեղակալն առանձնահատուկ կարևորել է ՄԱԿ դերակատարությունը՝ անդամ պետությունների, ինչպես նաև Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության խթանման գործում։

Ելույթն ամփոփելով՝ Արմեն Ղազարյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ թմրամիջոցների դեմ պայքարում առաջնորդվել միջազգային նպատակներով և սկզբունքներով։
Այցի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է ՄԱԿ Վիեննայի գրասենյակի տնօրեն, ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ջոն Բրանդոլինոյին, Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Դեյվիդ Ջոնսոնին, ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի մարդկանց թրաֆիքինգի և միգրանտների մաքսանենգության հարցերով ստորաբաժանման ղեկավար Իլիաս Չացիսին և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի Եվրապայի, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ստորաբաժանման ղեկավար Ջերեմի Միլսոմին։

Նմանատիպ գրառումներ