ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները մարտի 12-ին, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիր:

Մագնուս Բրունները շրջել է համալիրի տարածքում, ծանոթացել Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչակազմի շենքային պայմաններին և ենթակա ստորաբաժանումների գործունեությանը։ Օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվել է նոր գործարկված եվրոպական ստանդարտով 112 զանգերի կառավարման կենտրոնը, որը միավորել է Փրկարար ծառայության և Ոստիկանության զանգերը։

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին է ներկայացվել քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների գործունեությունը:

Մագնուս Բրունները համալիրի զինանոցում, հրաձգարանում և մարզասրահում ծանոթացել է պարեկային ծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստականության համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև Երևանի գնդի ծառայողական էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին։

Հիշեցնենք՝ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի համալիրը գործարկվել է ՀՀ կառավարության, ԵՄ և ԱՄՆ գործընկերների համատեղ ջանքերով։

Նմանատիպ գրառումներ