
Մարտի 26-ից 27-ը Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում տեղի է ունեցել երկօրյա աշխատաժողով, որը համախմբել էր Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության պաշտոնական ներկայացուցիչներին, լրագրողներին։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը լրագրողներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացի դինամիկան և իրականացվող առանցքային բարեփոխումները։
Փոխնախարարը ներկայացրել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության փուլային ընթացքը՝ գործընթացի մեկնարկից մինչև Գործողությունների ծրագրի ստացումն ու հենանիշների կատարումը, կենսաչափական համակարգի ներդրման առանձնահատկությունները։
Արմեն Ղազարյանը կարևորել է նաև թվային փոխակերպման անհրաժեշտությունը, որի հիմքում թղթային կրիչի փոխարինումն է թվային տվյալով՝ որպես միակ հավաստի իրավական աղբյուր։
ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է լրատվամիջոցների դերը հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու գործում՝ շեշտելով, որ Հայաստանն այս պահին գտնվում է համակարգային արդիականացման փուլում, ինչը պահանջում է բարեփոխումների անշեղորեն իրականացում։
Տեղի է ունեցել ակտիվ քննարկում․ լրագրողները հնարավորություն են ունեցել ոչ միայն ստանալու պարզաբանումներ, այլև կառուցողական երկխոսության միջոցով բարձրաձայնել քաղաքացիներին հուզող մտահոգություններն ու հաճախ հնչող հարցերը, վեր հանել մեդիատիրույթում առկա թյուրըմբռնումներն ու միֆերը՝ ստանալով փաստարկված պատասխաններ։
Աշխատաժողովը կազմակերպվել էր ԵՄ հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի կողմից։










