
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մարտի 31-ին ընդունել է ԵՄ Թայեքս փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին։
Առաքելության նպատակն է «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի համալիր կառավարման համակարգի» (ՍՀԿ) ռազմավարական ծրագրի նախագծի փորձագիտական գնահատումը (peer review): Առաքելության շրջանակում նախատեսվում է բացահայտել առկա բացերը, ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ սահմանների համալիր կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման համար՝ եվրոպական և միջազգային չափանիշներին ու լավագույն փորձին համապատասխան։
Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, ԵՄ պատվիրակության, ՖՐՈՆՏԵՔՍ-ի, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ։
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման համատեքստում փոխնախարար Արմեն Ղազարյանը կարևորել է սահմանների համալիր կառավարումը։ Անդրադառնալով ռազմավարության նախագծին՝ նա նշել է, որ մշակման գործընթացն իրականացվել է շահագրգիռ պետական մարմինների ներգրավմամբ՝ բազմակողմ քննարկումների արդյունքում։
Փորձագիտական առաքելության ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության հետ փոխգործակցությունը՝ ընդգծելով ռիսկերի վերլուծության, մասնագիտական վերապատրաստումների և միջազգային համագործակցության ոլորտներում արձանագրված առաջընթացը։
Նրանք նաև կիսվել են սահմանների համալիր կառավարման ռազմավարական նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներով՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տեղեկատվության փոխանակման, մարդկային ռեսուրսների զարգացման և վերապատրաստման առանցքային ուղղություններին։
Ներկայացվել է նաև սահմանների համալիր կառավարման եվրոպական փորձը։ Քննարկվել են միջգերատեսչական համագործակցության, սահմանապահների նոր կրթական բաղադրիչի, էլեկտրոնային համակարգերի ներդրման, ինչպես նաև Ֆրոնտեքսի հետ համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։
Փորձագիտական առաքելության այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ նաև շահագրգիռ այլ գերատեսչություններում, ինչից հետո փորձագետները կներկայացնեն համապարփակ առաջարկություններ։















