
Անկախության առաջին տարիներին, երբ Հայաստանը կանգնած էր ոչ միայն պետականաշինության, այլև իրավակարգի վերակառուցմանն ուղղված լրջագույն մարտահրավերների առջև, երբ յուրաքանչյուր քայլը որոշում էր երկրի վաղվա օրը, ստեղծվեց ՆԳ նախարարության «02» հաղորդաշարը։
«Ծանր ժամանակներ էին, և այդ պայմաններում ես համաձայնեցի գալ ՆԳՆ լրատվական աշխատանքներն իրականացնելու։ Հետո «02» եկավ երկրորդ տեսուչը՝ Արա Մովսիսյանը, և երկուսով սկսեցինք իմ անձնական մեքենայով VHS մի կամերայով անել հաղորդումը։ Մեր գլխավոր գործառույթն այն էր, որ պետության նկատմամբ վստահություն սերմանենք»,-հիշում է 1990-1995 թթ․ ՆԳՆ լրատվական կենտրոնի հիմնադիր ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը։
«02»-ը թարմ շունչ ու նոր խոսք էր իրավապահ համակարգի գործունեության մասին ոչ թե դրսից հնչող գնահատականների, այլ ներսից՝ ստեղծելով իրականության հավաստի պատկերը և քաղաքացու մոտ առաջացնելով վստահություն պետության նկատմամբ։
«Մեր միջոցները շատ սուղ էին այն ժամանակ։ 1995 թվականին որ եկա «02», լինոտիպից նոր անցնում էինք համակարգչային շարվածքի, հեռուստատեսությունը շատ դժվար էր աշխատում, հսկա կամերաներն էին»,-հիշում է 1995-2024 թթ․ «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, ՀԿԼ վարչության պետի տեղակալ Ներսես Աթաբեկյանը։
«02»-ը մարդիկ են, ովքեր կադրում և կադրից այն կողմ աշխատում են պատասխանատվությամբ և մասնագիտական նվիրումով՝ ապահովելով տեղեկատվության վստահելի և օբյեկտիվ լուսաբանում։
«Դու պետական կարևոր հիմնասյունային կառույցներից մեկի լրատվությունն ես ներկայացնելու, իսկ դա մեծ պատասխանատվություն է․ դա ենթադրում է, որ դու ամեն մի բառի, ամեն կադրի, ամեն մի խոսքի համար պետք է չափազանց պատասխանատու լինես»,-ասում է 2001- 2024 թթ․ ՀԿԼՎ վարչության բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, ՆԳՆ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության աշխատակից Հասմիկ Պոդոսյանը։
«02»-ը ներկայացնում էր ոչ միայն դեպքեր ու քրոնիկա, այլ հեռուստադիտողին ցույց էր տալիս, որ օրենքը կենդանի համակարգ է՝ գործող, արձագանքող և մարդու իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանող ուժ, որն ամեն օր աշխատում է հանուն օրենքի և քաղաքացու։
Նաղաշ Մարտիրոսյանի խոսքով՝ «Հաղորդաշարը իր ուրույն տեղն ուներ լրատվական դաշտում։ «02»-ը ոչ միայն պետք է իրազեկի, տեղեկացնի հանցագործությունների բացահայտումների մասին, այլ նաև հետամուտ լինի, թե ինչ եղավ հետո»։
«02»-ի տեսախցիկը հայտնվում էր ամենաանսպասելի, երբեմն էլ ամենաբարդ ու վտանգավոր վայրերում։ Նրա օբյեկտիվում ոչ միայն ծառայողական լարված ու պատասխանատու առօրյան էր, այլև հանցագործությունների բացահայտման ընթացքը։
Յուրաքանչյուր կադր դառնում էր կատարվածի հստակ փաստագրում՝ միաժամանակ ընդգծելով դրա առանցքային դերը հասարակական անվտանգության ապահովման գործում։ Նիկոլայ Գրիգորյանի խոսքով՝ հաղորդումները պատրաստվում էին այն տրամաբանությամբ, որ նպաստեին հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը։
«02-ը հստակ ձևավորում է իրավագիտակից քաղաքացու, «02»-ը հստակ ձևավորում է պետականամետ քաղաքացու։ «02»-ը փորձել է միշտ այս սկզբունքով աշխատել»,-ասում է Հասմիկ Պոդոսյանը։
Կոնցեպտուալ առումով հաղորդաշարը հստակ փոխանցում էր մի պարզ, բայց հիմնարար միտք՝ անվտանգությունը համատեղ պատասխանատվություն է, իսկ օրենքի ուժը սկսվում է յուրաքանչյուր քաղաքացու գիտակցությունից։
«Միշտ համոզված եմ եղել, որ «02»-ը շատ կարևոր աշխատանք է կատարում։ Բացի նրանից, որ ՆԳ մարմինների աշխատանքն է լուսաբանում, ավելի կարևոր եմ համարել հետադարձ կապի ապահովումը հասարակության հետ։ Օրինակ, մի պահ հանեք «02»-ը, կտեսնեք, որ մի շատ կարևոր բլոկ հանրային կյանքում կվերանա, կոնկրետ ծառայողների և քաղաքացու միջև կապը կխզվի, իսկ դա չի կարելի թույլ տալ»,-նշում է Ներսես Աթաբեկյանը։
«02»-ը դարձավ նորանկախ Հայաստանի հեռուստատեսային խորհրդանիշներից մեկը՝ ոչ միայն իր ձևաչափով, այլև՝ առաքելությամբ։ Այն արտացոլում էր պետության հանձնառությունը՝ հաստատելու օրենքի գերակայությունը, ամրապնդելու ներքին անվտանգությունը և ձևավորելու հասարակություն, որտեղ օրենքն ու արդարադատությունը դառնում են պետականության անքակտելի հիմք։
Այսօր արդեն ՆԳՆ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության նոր սերունդը, ժամանակի ռիթմին համահունչ, նորարար ու ստեղծարար մտածողությամբ շարունակում է աշխատանքը:
«Այսօր նոր ոճ կա «02»-ում, նոր ձեռագիր կա․ ժամանակները փոխվել են, պահանջները փոխվել են, և նոր ոճով, նոր ձևաչափով մեդիա տեքստ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել»,-ասում է 1997-2003 թթ․ ՀԿԼ վարչության աշխատակից, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։
Հասմիկ Պոդոսյանի խոսքով՝ «02-ը միշտ՝ և նախկինում և հիմա նույն առաքելությունն ունի, նույն պարտականությունն ու պարտավորությունն ունի պետության առջև»։
Ժամանակի հրամայականով հաղորդաշարն այսօր արդեն ներկայանում է նոր անունով՝ պահպանելով և վերարժևորելով «02»-ի լավագույն ավանդույթները՝ ընդլայնելով դիտանկյունը, խորացնելով վերլուծական բաղադրիչը, կիրառելով տեղեկատվությունը ներկայացնելու ժամանակակից լուծումներ։
«Համոզված եմ, որ դարձյալ նույն ֆունկցիան կատարում է «02»-ը, ուղղակի կատարում է ավելի օպերատիվ միջոցներով, շատ ավելի արագ է արձագանքը, և համոզված եմ, որ կատարելու է, որովհետև հակառակ դեպքում «02»-ի իմաստը կորչում է»,-ասում է Ներսես Աթաբեկյանը։
«Հաղորդաշարը, Պահպանելով լավագույն ավանդույթներն ու գաղափարները՝ հաղորդաշարը շարունակելու ենք արդեն նոր անվանումով։ ՆԳՆ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը շարունակելու է ներկայացնել նախարարության և ենթակա ծառայությունների աշխատանքը՝ պատշաճ ապահովելով նախարարություն-հասարակություն կապը, ամրապնդելով համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը»,-ընդգծում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ։
Այսպիսով, հաղորդաշարի նոր անունը ոչ թե ընդհատում է, այլ նույն առաքելությամբ քայլելու շարունակություն։ Ինչպես անկախության առաջին տարիներին, այսօր ևս այն ծառայում է նույն գաղափարին՝ ամրապնդել քաղաքացիների իրավագիտակցությունը, ձևավորել առավել անվտանգ միջավայր, որտեղ օրենքը ոչ միայն պահանջ է, այլ գիտակցված ընտրություն։










