
Ապրիլի 16-ին՝ Ոստիկանության օրվա առթիվ, ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին: Այնուհետև տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում։
Շնորհավորական ելույթներ են ունեցել ՀՀ վարչապետն ու ՆԳ նախարարը։
Նախարարը շնորհավորել է Ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ և նշել, որ Ոստիկանությունը պետության կայունության, ներքին անվտանգության և խաղաղության ամրապնդման առանցքային հենասյուներից մեկն է։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ ՆԳ նախարարության քաղաքացիական կառավարման ներքո փոփոխությունները ներթափանցել են Ոստիկանության բոլոր շերտերը և ինստիտուցիոնալ առումով ձևավորվել է հաշվետու, ժամանակակից և հանրությանն ավելի մոտ կանգնած նոր Ոստիկանություն։
Նախարար Սարգսյանն արձանագրել է, որ արդեն ձևավորված են համակարգի հիմնաքարային բոլոր ուղղությունները, որոնց ամբողջական ներուժի իրացումն առավել քան երբևէ կարևոր է՝ որպես ամուր հենարան պետականության ամրապնդման և խաղաղության պահպանման գործում։
«Մենք ձևավորել ենք դիմակայուն և կուռ համակարգ այն հստակ գիտակցումով՝ որքան հզոր է Հայաստանի Հանրապետությունում Ոստիկանությունը, այնքան հզոր է Հայաստանի Հանրապետությունը: Այս առաքելությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև բարձր արժեքներ, խիզախություն և սկզբունքայնություն: Եվ այս մեկտեղումն է, որ մեզ թույլ է տալիս արձանագրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության աճ՝ ցուցանիշը հասցնելով 61%-ի։ Այս մեկտեղումն է, որ թույլ է տալիս միջազգային տարբեր վարկանիշային համակարգերով Հայաստանի Հանրապետությունը դիտարկել անվտանգ պետություն»,- ասել է ՆԳ նախարարը։
Արփինե Սարգսյանն այդ համատեքստում ընդգծել է, որ Հայաստանը World Travel ինդեքսի ճամփորդության համար աշխարհի ամենաանվտանգ 193 երկրների շարքում 13-րդ տեղում է՝ 90,27 գործակցով:
Նախարար Սարգսյանի խոսքով ՝ ոստիկանի ամենօրյա, անխոնջ առաքելությունն է ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին՝ լինելով այն աներեր սահմանը, որը բաժանում է կարգը անկարգությունից, անվտանգությունը անորոշությունից։
Նա վստահեցրել է, որ միասնական և հետևողական ջանքերով և այդ առաքելության գիտակցման ճանապարհով շարունակելու են հաղթահարվել բոլոր խնդիրները՝ լուծելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու առօրյա կյանքի որակը բարելավող բոլոր հարցերը։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի՝ ընդգծել է, որ բարդ, պատասխանատու և մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում նրանց կատարած աշխատանքը հաստատուն է, կայուն և ի շահ Հայաստանի Հանրապետության:
«Մեծարգո՛ Վարչապետ, անձամբ իմ և Ներքին գործերի նախարարության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր աներկբա վստահության և աջակցության համար: Հավաստիացնում եմ, որ համակարգը ամուր և հուսալի հենարան է Հայաստանի Հանրապետության պետականության զարգացման և խաղաղության ամրապնդման համար։ Համակարգը եղել է, կա և շարունակելու է լինել այդպիսին՝ ծառայելով Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Ոստիկանության ուժը պետության կայունությունն է, Ոստիկանության կարգապահությունը՝ օրենքի գերակայությունը, ոստիկանության ծառայությունը՝ պետականության շարունակականությունը»,- շեշտել է ՆԳ նախարարը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ոստիկանության ծառայողներին մասնագիտական օրվա առթիվ և նշել, որ Ոստիկանությունը մեր երկրում կայացման և զարգացման տարբեր փուլեր է անցել. «Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի, դա բոլոր քաղաքացիների շահերից է բխում»։
Խոսելով անկախացումից ի վեր Ոստիկանության համակարգի կայացման փուլերի մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ դրանք շրջադարձային են եղել իրավակարգի և կարգուկանոնի պահպանման և ամրապնդման համար: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ժամանակին համընթաց դինամիկ զարգացող ոստիկանական համակարգ ունենալը. «Ըստ էության, մեր բարեփոխումներով մենք հենց այդ ճանապարհով ենք գնում, բայց երբ Ոստիկանության ոլորտի բարեփոխումները սկսել էինք, այն ժամանակ դա ֆանտաստիկայի ոլորտից էր թվում, երբ մտածում էինք, որ պարեկային ոստիկանություն լինի՝ ամբողջությամբ վերազինված նոր տեխնիկայով, սարքավորումներով, մեքենաներով և այլն»: Այստեղ Վարչապետն ընդգծել է, որ բարեփոխումները շարունակական են լինելու, քանի որ կյանքն ու ընկալումներն անհամաչափորեն արագ են փոփոխվում և ամենօրյա աշխատանքն իր մեջ պետք է պարունակի բարեփոխման տարր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա վերաբերում է և՛ տեխնիկային, և՛ օրենսդրությանը, և՛ համազգեստին, և՛ սպառազինությանը, և՛ կարգավորումներին:
Ըստ Վարչապետի՝ ցանկացած պաշտոնյա, ցանկացած մարդ իր պատասխանատվության և լիազորությունների շրջանակն ունի և չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուրն իր գործառույթների շրջանակում զգա անհատական պատասխանատվություն:
«Բայց այստեղ հաջորդ խնդիրն էլ կա, որին մենք առերեսվում և գիտակցում ենք՝ Ոստիկանության աշխատանքը պետք է լինի սոցիալական առումով երաշխիքներ ապահովող, որովհետև Ոստիկանության աշխատանքը շատ բարդ աշխատանք է՝ կապված և՛ Ոստիկանության աշխատողի, և՛ ուրիշների կյանքի, և՛ անվտանգության հետ: Եվ մենք այս բոլոր գործոնները հաշվի պետք է առնենք: Մենք գնում ենք այս ուղղությամբ և այս տրամաբանությամբ: Կարծում եմ, որ Հայաստանում ունենք Ոստիկանության գործունեության այնպիսի ավանդույթներ, որ այդ ավանդույթների վրա հիմնվելով՝ կարող ենք այս փոփոխությունն անընդհատ ապահովել, և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինքնությունն ամրացնել, վերափոխել և անընդհատ համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին: Իմ կարծիքով, մենք ընթանում ենք այս ուղղությամբ»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Շարունակելով խոսել ոստիկանի անհատական պատասխանատվության և առաջնորդության կարևորության մասին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Ոստիկանության բոլոր ծառայողներն առաջնորդություն պիտի ստանձնեն, որովհետև եթե ոստիկանը շարքային է, դա չի նշանակում, որ ինքն առաջնորդ չէ, որովհետև հենց ոստիկանի համազգեստ կրելն ինքնին առաջնորդության նշան է իր պատասխանատվության գոտում, իր չափով, և երբեք ինքը չպետք է մտածի՝ ուրիշներն են այդ առաջնորդությունն իրականացնում: Ուրիշները, իհարկե, իրականացնում են, բայց ամեն մեկն իր չափով»:
Վարչապետն ընդգծել է, որ այն ինչ ասում է Ոստիկանության համար, վերաբերում է պետական կառավարման բոլոր համակարգերին, քանի որ առաջնորդությունը հայեցակարգային նշանակություն ունի բարեփոխումների տեսանկյունից:
Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին Ոստիկանության օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար. «Ես հավատում եմ ձեզ, հավատում եմ ձեր նվիրվածությանը, հավատում եմ ձեր պրոֆեսիոնալիզմին, հավատում եմ ձեր ներուժին, որ դուք կկարողանաք այդ խնդիրները լուծել և կկարողանանք այնպես անել, որ ոչ միայն ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, այլ ամեն ոստիկան ամեն հաջորդ օրվա հետ լինի ավելի պրոֆեսիոնալ, ավելի պատասխանատու, ավելի արդյունավետ, քան երեկ է»:
Ոստիկանության օրվա առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի կողմից ՆԳ նախարարության ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են։
































































