ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ապրիլի 29-ին այցելել է Ազատի ջրամբար՝ ծանոթանալու «Ջրամբարների կառավարման կարողությունների կատարելագործում՝ կլիմայական ռիսկերին դիմակայունության համար» ծրագրի արդյունքներին։

Ջրամբար էին այցելել նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկին, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Ջրային կոմիտեի ղեկավար Արամազդ Ղալամքարյանը, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը և ոլորտի այլ պատասխանատուներ։

«Ծրագիրը մեկնարկել է 2025 թվականին և ուղղված է Հայաստանում ջրամբարների կառավարման կարողությունների կատարելագործմանն այն տրամաբանությամբ, որ արդյունքում ունենանք այնպիսի համակարգ, որը Ազատի ջրամբարը կդարձնի ավելի արդիական»,- նշել է ՄԱԶԾ ծրագրի համակարգող Արտակ Ոսկանյանը։

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ընդգծելով ջրամբարների անվտանգության բարձրացմանն ուղղված համատեղ քայլերի կարևորությունը։ Նրա խոսքով՝ իրականացված աշխատանքները կարևոր ներդրում են աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներին պատրաստվածության համակարգի կատարելագործման ուղղությամբ։

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկիի խոսքով՝ «ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ մեր գործընկերությունը արդյունավետ է եղել։ Այսօր այստեղ գտնվելով՝ ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա տեսնելու ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքը։ Շատ բան արդեն արվել է, սակայն առաջիկա տարիներին դեռ ունենք անելիքներ»։

Ծրագրի շրջանակում Ազատի ջրամբարում տեղադրվել են ժամանակակից մոնիթորինգային սարքավորումներ, օդերևութաբանական և ֆոտովոլտային կայաններ, հիդրոլոգիական դիտարկումների արդիականացված միջոցներ և ազդարարման շչակային համակարգեր։ Ներկայացվել են սարքավորումների տեխնիկական բնութագրերն ու կիրառման ուղղությունները։

«Ջրամբարը սնող հիմնական՝ Ազատի գետի հիդրոլոգիական դիտակետն է արդիականացվել, տեղադրվել է ժամանակակից մակարդակաչափ։ 10 րոպեն մեկ կարողանում ենք չափել, թե գետի միջոցով ինչքան հոսք է մտնում ջրամբար»,- ներկայացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Հնարավոր ռիսկերի հայտնաբերման, գնահատման և կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվել են համալիր հետազոտություններ։

«Ջրամբարների կառավարման կարողությունների կատարելագործում՝ կլիմայական ռիսկերին դիմակայունության համար» ծրագիրը իրականացվել է Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորվամբ։

Նմանատիպ գրառումներ