Մայիսի 6-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «Երևանյան երկխոսություն» երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Եվրոպական ինտեգրումը իրավապահ համակարգի համար. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը:

Միջոցառումը համախմբել էր հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային փորձագետների՝ քննարկելու իրավապահ համակարգի արդիականացման և եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցության հեռանկարները:

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումն առանցքային նշանակություն ունի Հայաստան-ԵՄ իրավապահ համագործակցության զարգացման տեսանկյունից և նշել, որ այն տարիների հետևողական ինստիտուցիոնալ ջանքերի արդյունք է:

«Կապի սպայի տեղակայումը չպետք է դիտարկել պարզապես որպես արտերկրում ներկայացուցիչ ունենալու փաստ: Սա Հայաստանը եվրոպական իրավապահ համագործակցության ցանցին առավել սերտորեն ինտեգրելու լայնածավալ գործընթացի մի մասն է: Կապի սպան ծառայում է որպես օպերատիվ կամուրջ Հայաստանի, Եվրոպոլի և ԵՄ անդամ երկրների միջև՝ օգնելով զգալիորեն բարձրացնել ամենօրյա աշխատանքի արդյունավետությունն ու արագությունը»:

Նախարար Սարգսյանի դիտարկմամբ՝ սա առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման, կիբեռհանցագործությունների, թրաֆիքինգի և այլ հանցատեսակների դեմ պայքարում:

ՆԳ նախարարի խոսքով՝ հանցավոր խմբերն այսօր գործում են անդրազգային մակարդակում, կիրառում են նորարարական տեխնոլոգիաներ և արագորեն հարմարվում նոր իրողություններին, ուստի որևէ պետություն չի կարող արդյունավետորեն դիմակայել այդ սպառնալիքներին՝ գործելով մեկուսացված։

Արփինե Սարգսյանը վերահաստատել է հանձնառությունը ՆԳՆ մանդատի շրջանակում շարունակելու օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունները՝ ստեղծելով առավել թափանցիկ, հաշվետու և ժամանակակից իրավապահ համակարգ։

Կարևորվել է փորձի փոխանակումն ու մասնագիտացված կառույցների հետ գործակցությունն, ինչը հնարավորություն կտա արդիականացնել դատական համակարգը և ամրապնդել հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը։

Պանելային քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության Գործընկերների հետ հարաբերությունների խորհրդի նախագահ Բոշտյան Շկռլեցը, Պորտուգալիայի գլխավոր դատախազության ավագ դատախազ, CARIN ցանցի ներկայացուցիչ Ժոաո Կոնդե Կորրեիան:

Նմանատիպ գրառումներ