Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Արփինե Սարգսյանը նշել է, որ նախագիծը մի քանի նպատակ է հետապնդում․ Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է կենսաչափական նոր համակարգ և այս կարգավորումը միտված է պատշաճ իրավական ընթացակարգեր երաշխավորելուն։ «Լայն համատեքստում սա ևս մեկ քայլ է Հայաստանի Հանրապետությանը մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը»,-ընդգծել է նախարար Սարգսյանը։

ՆԳ նախարարը նշել է, որ Եվրոպական միության կողմից ստացվել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը, որտեղ հատուկ ընդգծում կա «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի վերաբերյալ, և այն պետք է հավակնի համակարգային ձևով կազմակերպելու կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր, 6-ից 16-տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկանների համար ծննդյան վկայականն է դիտարկվելու որպես անձը հաստատող փաստաթուղթ։

«Ներկայումս քարտը տրամադրվում է միայն 16 տարին լրացած անձանց։ Կարծում եմ կառավարության այս ճկուն քաղաքականությունը թույլ կտա մեզ հանրային ծառայությունների և, առհասարակ, անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում ունենալու շատ ավելի ինստիտուցիոնալ կառուցվածքային լուծում», -նշել է Արփինե Սարգսյանը։

Նախարարը փաստել է, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը, այս օրենքի տրամաբանությամբ, համապատասխանելու են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO 9303 ստանդարտին։
Արփինե Սարգսյանն ընդգծել է նաև, որ օտարերկրացիների համար նախատեսվող բոլոր փաստաթղթերը ևս պետք է պարունակեն կենսաչափական տվյալներ, նաև հստակեցրել, որ թեև օրենսդրությունը այսպիսի հնարավորություն տալիս էր, բայց գործառնական որևէ քայլ այս տեսանկյունից չէր իրականացվել։

Հաջորդ կարևոր փոփոխությունն, ըստ նախարարի, 1-ին անգամ հանրապետության կտրվածքով մեծամասշտաբ լուծում է տրվում պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով և, բնականաբար, օրենսդրությունը ևս պետք է պատշաճ ընթացակարգեր նախատեսի դերաբաշխումները ճիշտ իրականացնելու համար։ «Ուզում եմ ևս 1 անգամ շեշտադրել, որ պետությունը պահպանում է որոշումների կայացման իր լիարժեք իրավունքը, մասնավորը որևէ գործողություն, անգործություն կամ որևէ այլ քայլ չի կարող կատարել, որը փաստական հետևանքներ է առաջացնելու մեր քաղաքացիների համար»,-ասել է նախարարը։

Ամփոփելով խոսքը՝ ՆԳ նախարարը փաստել է, որ այս օրենքը և կենսաչափական համակարգը գալու են սպասարկելու նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարվող թվայնացման քաղաքականությանը։

«Շատ հաճախ մենք տարբեր լուծումներ ենք դիտարկում, բայց դրանք երբեմն դանդաղում են, կամ հնարավոր չի լինում արագ և լիարժեք կերպով իրականացնել, որովհետև կենսաչափական համակարգ Հայաստանի Հանրապետությունը չունի, և մենք հենվում ենք տարիներ շարունակ որևէ ներդրում չունեցած համակարգի վրա։ Կարծում եմ արդեն 2026 թվականի աշնանը մենք լիովին նոր իրավիճակ կարձանագրենք Հայաստանի Հանրապետությունում և թվայնացման տեմպերը գնալով էլ ավելի կարագանան»,- ԱԺ նիստի ժամանակ ընդգծել է Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։

Նմանատիպ գրառումներ