
ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը մայիսի 20-ից 22-ը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր:
Արամ Ղազարյանը մարզային փրկարարական վարչության Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի և Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատներում, Ագարակի հենակետում, ինչպես նաեւ Աղվանի, Շինուհայրի և Գորայքի առաջնային օգնության տեխնիկական կետերում ծանոթացել է տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպման գործընթացին։
Ծառայության տնօրենի խոսքով՝ հրշեջ-փրկարարների գործունեության արդյունավետությունը պայմանավորված է նրանց մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների շարունակական զարգացմամբ։
Նա կարևորել է տարբեր սցենարային իրավիճակների հիման վրա պարբերական վերապատրաստումների անցկացումը, որոնք հնարավորություն կտան բարձրացնել անձնակազմի պատրաստվածության մակարդակը և կատարելագործել արձագանքման կարողությունները։
Արամ Ղազարյանը նաև խորհրդակցություն է անցկացրել մարզային ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ, տվել մի շարք հանձնարարականներ՝ ծառայողական կարգապահության ամրապնդման, դեպքերին արագ, արդյունավետ և պրոֆեսիոնալ արձագանքման ուղղությամբ։
Փրկարար ծառայության տնօրենը անձնակազմին ներկայացրել է նաև ատեստավորման գործընթացի կարևորությունը, ինչպես նաև ՆԳՆ բարեփոխումների շրջանակում փրկարար ծառայության ոլորտում նախատեսվող փոփոխություններն ու զարգացման հիմնական ուղղությունները։
Արամ Ղազարյանը հանդիպել է նաև Փրկարար ծառայության վետերաններին:





















