ՊաշտոնականՄիջազգային համագործակցություն

Վիզաների ազատականացման օրակարգով պայմանավորված՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է ավստրիացի գործընկերներին

19 նոյեմբեր 2026 • 10:30

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն Ավստրիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Կարների և ՆԳՆ գլխավոր քարտուղար Անդրեաս Ախացի հետ։ Հանդիպումներին մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ներքին գործերի բնագավառում հայ-ավստրիական համագործակցության զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել միգրացիոն գործընթացների արդյունավետ կառավարմանը, սահմանների համալիր կառավարմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը վերաբերող հարցերի։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի ներքին գործերի համակարգում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով միգրացիայի և քաղաքացիության ոլորտում ծառայությունների արդիականացմանը, գործընթացների թվայնացմանը և նոր կենսաչափական համակարգի ներդրմանը։

Քննարկվել են նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները և այդ համատեքստում ավստրիական կողմի հետ համագործակցության ուղղությունները։

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև աշխատանքային կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանն ու վերապատրաստումների կարևորությանը։