Իրազեկում․ պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը, ի՞նչ անել, եթե հին անձնագրում վիզա կա, նոր անձնագիր ստանալիս պարտադի՞ր է նույնականացման քարտ ունենալը
03 նոյեմբեր 2026 • 07:25
Սիրելի՛ քաղաքացիներ,
Ինչպես գիտեք, նոյեմբերի 1-ից Հայաստանում ներդրվել է կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը։
Համակարգի ներդրման վերաբերյալ ամիսներ շարունակ իրականացնում ենք իրազեկման լայնածավալ արշավ, որն այսուհետ կշարունակենք նաև այս ձևաչափով՝ պատասխանելով ձեզ ամենաշատը հետաքրքրող հարցերին։
- Եվ այսպես՝ նոր համակարգի ներդրումից հետո պե՞տք է արդյոք փոխարինել գործող անձնագրերն ու նույնականացման քարտերը։
Ո՛չ։ Ձեր փաստաթղթերը շարունակում են վավեր մնալ մինչև դրանցում նշված ժամկետի ավարտը։ Բայց եթե ունեք հին՝ կապույտ անձնագիր և ցանկանում եք ստանալ նոր՝ կարմիր կենսաչափական անձնագիր, կարող եք դիմել և ստանալ այն։ Պարզապես հիշեք՝ նոր անձնագիրը ստանալուց հետո հինը դառնում է անվավեր։ Այն կդակվի և կվերադարձվի ձեզ։
- Իսկ ի՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք։
Վիզան շարունակում է գործել։ Պարզապես ճամփորդելիս ձեզ հետ պետք է ունենաք և՛ նոր անձնագիրը, և՛ հինը, որում առկա է վիզան՝ հաշվի առնելով նաև տվյալ երկրի մուտքի կանոնները։
- Նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար պարտադի՞ր է նույնականացման քարտ ունենալը։
Այո՛, 16 տարին լրացած քաղաքացիների համար այն պարտադիր է։ Իսկ մինչև 16 տարեկանների համար՝ ոչ։ Իսկ եթե նույնականացման քարտը հին նմուշի է՝ խնդիր չկա։ Եթե այն վավեր է, փոխարինելու կարիք չկա։ Պարզապես ձեր վավեր նույնականացման քարտով ակտիվացրեք խիստ նույնականացումը, որպեսզի նախագրանցումն ավելի հեշտ լինի։
Սիրելի՛ քաղաքացիներ, մեր իրազեկումները շարունակական են լինելու։
Ձեր հարցերը գրեք մեկնաբանություններում, իսկ մենք դրանց կպատասխանենք հաջորդ տեսանյութերում։