Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Իրազեկում․ նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր․ որ պարագայում է հնարավոր դիմել

03 նոյեմբեր 2026 • 18:00

Սիրելի՛ քաղաքացիներ,
Շարունակում ենք պատասխանել նոր կենսաչափական փաստաթղթերի վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին։

- Եթե արդեն ունեք գործող նույնականացման քարտ, կարո՞ղ եք ստանալ միայն նոր կենսաչափական անձնագիր։

Այո՛։ 16 տարին լրացած քաղաքացիների համար անձնագիր ստանալու նպատակով դիմելու պարտադիր պայման է նույնականացման քարտ ունենալը։ Եթե արդեն ունեք վավեր նույնականացման քարտ, այդ թվում՝ հին նմուշի, այն փոխարինելու անհրաժեշտություն չկա․ կարող եք դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար։

Բայց պետք է ակտիվացնել խիստ նույնականացումը․ այն ձեր ինքնությունն առցանց հավաստելու եղանակ է՝ «ԵսԵմ» համակարգի միջոցով։ Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ձեր քարտով հասանելի էլեկտրոնային նույնականացման հավաստագրերը կամ բջջային նույնականացման Mobile ID ծառայությունը՝ այցելելով բջջային օպերատորի գրասենյակ։ 


- Իսկ եթե նույնականացման քարտ չունեք, բայց ցանկանում եք անձնագիր ստանալ, ի՞նչ պետք է անել։

Եթե ձեր 16 տարին լրացել է, անձնագիր ստանալու համար պետք է ունենաք նաև նույնականացման քարտ։ Այսինքն՝ եթե այն չունեք, պետք է դիմեք և ստանաք երկու փաստաթուղթն էլ։ Իսկ մինչև 16 տարեկան երեխաների դեպքում նույնականացման քարտ ունենալը պարտադիր չէ։ Կարող եք երեխայի համար ստանալ միայն անձնագիր։


- Եվ ևս մեկ հարց՝ հնարավո՞ր է ստանալ միայն նույնականացման քարտ՝ առանց անձնագրի։

Այո՛, իհարկե։ 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտը պարտադիր է, իսկ անձնագիր ունենալը՝ ոչ։
Այսինքն՝ եթե արտերկիր մեկնելու կարիք չունեք, կարող եք ստանալ միայն նույնականացման քարտ։ Իսկ եթե պատրաստվում եք մեկնել արտերկիր ձեզ անհրաժեշտ կլինի նաև անձնագիր։


Սիրելի՛ քաղաքացիներ, շարունակեք ձեր հարցերը գրել մեկնաբանություններում, իսկ մենք կշարունակենք պատասխանել դրանց մեր հաջորդ տեսանյութերում։