Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

ՆԳ նախարարությունը հետևողական քայլեր է իրականացնում կամավորության ինստիտուտի զարգացման ուղղությամբ․ Արագած գյուղում հրշեջ կամավորական հենակետ է բացվել

27 հոկտեմբեր 2026 • 07:15

Համայնքներում արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու և բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով ՆԳ նախարարությունը հետևողական քայլեր է իրականացնում կամավորության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։
Դրա վկայությունն են հանրապետության տարբեր բնակավայրերում արդեն գործող 12 հենակետերը։ Հոկտեմբերի 23-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում դրանց ավելացավ ևս մեկը։

Հայկական Կարմիր Խաչի ընկերության Աղետների կառավարման բաժնի ծրագրի համակարգող Լուսինե Առաքելյանի խոսքով՝ ինչպես մնացած 12 համայնքներում, Ապարանի կամավոր հրշեջ- փրկարարական խումբը ևս գործարկվելու է այն մեխանիզմով, որ ահազանգի պարագայում իրենք ստանալու են կանչը և փրկարար ծառայության հետ զուգահեռ արձագանքեն։

Նորաբաց հրշեջ-կամավորական հենակետը սպասարկելու է Արագած գյուղն ու հարակից բնակավայրերը։
Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել է տակտիկական ուսումնավարժանքը։ Պայմանական հրդեհը բռնկվել էր Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Նախ տարհանվեցին աշակերտները, իսկ կամավորական հենակետի ծառայողները ժամանեցին դեպքի վայր և մեկուսացրին հրդեհը։

Այնուհետև դեպքի վայր ժամանեց Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Իրականացվեց տարածքի հետախուզում, իսկ տուժածներին տեղափոխեցին հիվանդանոց։

Վարժանքի ավարտին ամփոփվել են արդյունքները՝ վերահաստատելով, որ նորաստեղծ կամավորական հրշեջ-փրկարարական թիմը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ներգրավվել արտակարգ իրավիճակների արձագանքման աշխատանքներում։ Միջոցառման ընթացքում որակավորված կամավորներն ստացան փրկարարական գրքույկներ և կրծքանշաններ։

Նոր հենակետի բացմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության, Ապարան համայնքի, «Volfire» ծրագրի, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներ։

Հենակետը ստեղծվել է ՆԳՆ Փրկարար ծառայության, Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերության համատեղ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։