Մեկնարկում է «ՃԱՄՊՐՈՒԿ» լրագրողական ամենամյա մրցույթը. լավագույն հեղինակները կստանան մրցանակներ
16 նոյեմբեր 2026 • 16:00
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպության (PIN) համագործակցությամբ «ՃԱՄՊՐՈՒԿ» մրցույթը կրկին միավորում է լրագրողներին, լուսանկարիչներին և ստեղծագործ մարդկանց՝ անդրադառնալու միգրացիայի և քաղաքացիության ոլորտին վերաբերող մի շարք թեմաների։
2026 թվականը հատկապես կարևոր տարի է «ՃԱՄՊՐՈՒԿ»-ի համար, քանի որ այս տարի նշվում է 1951 թվականի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի 75-ամյակը և 1961 թվականի Քաղաքացիություն չունեցող անձանց թվի կրճատման մասին կոնվենցիայի 65-ամյակը։
«ՃԱՄՊՐՈՒԿ 2026»-ին կարող են ներկայացվել 2025 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված լրագրողական աշխատանքներ՝ հետևյալ թեմատիկ ուղղություններով․
միգրացիոն գործընթացներ՝ միտումներ, սահմանահատումներ, ոլորտային վերլուծություն,
փախստականներ և ապաստան հայցողներ՝ նոր կյանք՝ նոր երկրում․ դժվարությունից դեպի հաջողություն, ինտեգրում ընդունող համայնքներում և մասնակցություն հասարակական կյանքին,
իմիգրացիոն հոսքեր՝ կացության կարգավիճակներ, միտումներ և ինտեգրում,
աշխատանքային միգրացիա և էմիգրացիոն հոսքեր Հայաստանից՝ մարտահրավերներ և խնդիրներ,
վերադարձ և վերաինտեգրում,
քաղաքացիություն չունեցող անձինք,
ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթաց․ Կենսաչափական նոր համակարգ այլ բարեփոխումներ,
անկանոն միգրացիա դեպի ԵՄ՝ կանխարգելում և հետևանքներ։
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից այս տարի ևս նախատեսված է խրախուսական մրցանակ աշխատանքային միգրացիա թեմայով։
Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և առցանց մամուլի ներկայացուցիչներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ ու մուլտիմեդիա մասնագետներ։
Ուշադրություն
Մրցույթին չեն ընդունվի այն նյութերը, որոնք ստեղծվել են որևէ դրամաշնորհային կամ վճարովի ծրագրի շրջանակում։
Ներկայացված աշխատանքները կգնահատվեն անկախ ժյուրիի կողմից։ Լավագույն հեղինակները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ։
Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ. դեկտեմբերի 1-ը, ժամը 23:59։
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել mcs@gov.am հասցեին՝ պարտադիր նշելով հետևյալ տվյալները․
վերնագրում՝ Ճամպրուկ 2026,
հեղինակի անուն, ազգանուն,
հեռախոսահամար և էլ. փոստ,
հրապարակման ամսաթիվ և հղում,
լրատվամիջոցի անվանում։