ՆԳ նախարարությունն առաջարկում է արգելել երեխաների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործություններ կատարած անձանց՝ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը
12 նոյեմբեր 2026 • 16:00
Նոյեմբերի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«ՆԳՆ քաղաքական առաջնահերթություններից են անչափահասների նկատմամբ հանցավորության կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունը։
Այս նախագիծը միտված է երեխաների սեռական անձեռնմխելիության պաշտպանությանը և այդ իրավահարաբերություններում որոշակի փոփոխություններ կատարելուն»,- նշել է նախարարի տեղակալը։
Արմեն Մկրտչյանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական պրակտիկայում քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) և 201-րդ (անառակաբարո արարք կատարելը) հոդվածներով նախատեսված հանցանքների համար մեղադրվող անձինք քրեական պատասխանատվությունից ազատվում են տուժողի հետ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս հանցագործություններից տուժում են տասնվեց տարին չլրացած երեխաները, որոնք առանձնապես անպաշտպան կարգավիճակ ունեն և մշտապես պետության հատուկ հոգածության ներքո են։
Ուստի նախագծով առաջարկվում է արգելել երեխաների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործություններ կատարած անձանց՝ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը։
«Սա բխում է բացառապես երեխայի լավագույն շահերի պաշտպանությունից, քանի որ յուրաքանչյուր երեխայի անվտանգ, առողջ և արժանապատիվ մանկության երաշխավորումը պետության բացարձակ առաջնահերթությունն է»,- ասել է Արմեն Մկրտչյանը։
Ներկայացնելով հաջորդ փոփոխությունը՝ նախարարի տեղակալը պարզաբանել է, որ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածով նախատեսված՝ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու արգելքը չի տարածվում 189-րդ հոդվածով սահմանված՝ երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերի վրա, մինչդեռ չափահաս անձի թրաֆիքինգի կամ շահագործման դեպքում նման արգելք նախատեսված է։
Նախագծով առաջարկվում է լրացնել այդ բացը՝ արգելքը տարածելով նաև երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերի վրա։
Արմեն Մկրտչյանը ներկայացրել է նաև Քրեական օրենսգիրքը նոր հոդվածով լրացնելու առաջարկը, որի արդյունքում քրեական պատասխանատվություն կսահմանվի նաև պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվելու համար։
Նրա խոսքով՝ տասնվեց տարին լրացած երեխայի սեռական ազատության առկայությունը դեռևս չի նշանակում, որ նա կարող է ներգրավվել իր համար վտանգ ներկայացնող այնպիսի գործունեության մեջ, ինչպիսին պոռնկությունն է։
Նախարարի տեղակալը շեշտել է, որ առաջարկվող կարգավորումն անձնական կյանքին միջամտություն չէ, քանի որ 16-18 տարեկան երեխայի նման ծառայություններից օգտվելը վնասում է նաև հանրային բարոյականությանն ու սոցիալական հարաբերություններին։
Նախագծով առավել խիստ պատասխանատվություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ անձն օգտվում է 12–16 տարեկան երեխայի այդպիսի ծառայություններից։
Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ ԱԺ աշխատակազմի վերլուծական-փորձագիտական վարչության առաջարկներն ընդունելի են, և հանձնաժողովի անդամներին առաջարկել է կողմ քվեարկել նախագծին։
Նա նաև պատասխանել է պատգամավորների հարցերին։ Հարակից զեկուցող Հասմիկ Հակոբյանը ևս կոչ է արել կողմ քվեարկել նախագծին։
Լրամշակված նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։