ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ապօրինի գործող հրաձգարանում հայտնաբերել են մեծաքանակ զենք-զինամթերք, երկու անձ ձերբակալվել է․ «Լուրերի» անդրադարձը
08 սեպտեմբեր 2026 • 08:51
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք։
✔️Առանց համապատասխան թույլտվության հրաձգարանի տարածքում կազմակերպվել են պարապմունքներ, հաճախորդներին տրամադրվել են տարածքում պահվող ապօրինի զենք և զինամթերք։
✔️Հրաձգարանի տարածքում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծաքանակ զենք-զինամթերք՝ ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի և տրամաչափի ավելի քան 2000 փամփուշտ, հակահետևակային ականներ, մարտական գլխիկներով ականանետեր և այլ զինամթերք։
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Վահան Մանուկյանը քաղաքացիներին հորդորել է որևէ գործունեություն ծավալելուց առաջ ճշտել դրա իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունների առկայությունը և գործունեությունն իրականացնել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան։