Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
ՊաշտոնականՄիջազգային համագործակցությունՏեսանյութեր

Մարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ․ Գյումրու գրասենյակի բացմանը մասնակցել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը

03 նոյեմբեր 2026 • 05:36

Նոյեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության Գյումրու նոր գրասենյակի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էր նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն, կտրելով խորհրդանշական ժապավենը, ազդարարել են գրասենյակի բացումը։

Ռեջիս Բուշյեն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմանները, ինչպես նաև տվյալների անվտանգությունն ապահովող լուծումները։

Ներկաները շրջել են գրասենյակում, ծանոթացել կենսաչափական տվյալների հավաքագրման և փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերին, զրուցել աշխատակիցների հետ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Նորաբաց գրասենյակն արդեն ընդունել է առաջին այցելուներին։

Նոյեմբերի 2-ին հանրապետության մարզերում գործարկվել է «ՀայՓասի» ընդհանուր առմամբ 12 գրասենյակ՝ նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ծառայություններն ավելի հասանելի դարձնելով քաղաքացիների համար։

Նոր սպասարկման մշակույթի հիմքում տվյալների ճշգրտությունն ու պաշտպանվածությունն են, հստակ և պարզեցված ընթացակարգերը, ինչպես նաև քաղաքացու հարմարավետությունը՝ որպես առաջնահերթություն։