Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատուՄիջազգային համագործակցություն

Սպասարկման գործընթացը՝ լրագրողների ուշադրության կենտրոնում, որակը՝ քաղաքացիների գնահատմամբ․ ԶԼՄ ներկայացուցիչները ծանոթացել են «ՀայՓասի» սպասարկման կենտրոնի աշխատանքին

06 նոյեմբեր 2026 • 12:15

Սպասարկման որակի բարելավում, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովում և բարձրացված խնդիրներին արագ ու արդյունավետ արձագանքում․ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է հետևողական աշխատանքը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շարունակական բարելավման ուղղությամբ։

Նոյեմբերի 6-ին «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող «ՀայՓասի» սպասարկման կենտրոնը հյուրընկալել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։

Շրջայցի ընթացքում լրագրողները ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի և «ՀայՓաս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի ուղեկցությամբ ծանոթացել են կենտրոնի աշխատանքին, քաղաքացիների սպասարկման կազմակերպմանն ու նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման գործընթացի առանձնահատկություններին։

Նախագրանցումից մինչև փաստաթղթերի ստացման համար դիմումի ընդունում․ սպասարկման յուրաքանչյուր փուլ կազմակերպվում է հստակ ընթացակարգերով՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ։ Կենտրոնի աշխատակիցները լրագրողներին ներկայացրել են իրենց գործառույթները, սպասարկման ընթացքն ու տեխնիկական հնարավորությունները։

Մատուցվող ծառայությունների որակի մասին խոսել են հենց քաղաքացիները՝ ներկայացնելով իրենց փորձառությունը, գնահատականներն ու առաջարկությունները։ Քաղաքացիների հետ անմիջական հաղորդակցությունն ու հետադարձ կապի ապահովումը ՆԳՆ որդեգրած գործելաոճի կարևոր սկզբունքներից են։

Շրջայցի ընթացքում Նելլի Դավթյանն ու Ռեջիս Բուշյեն զրուցել են սպասարկման կենտրոն այցելած քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկությունները, պատասխանել հուզող հարցերին և տեղում քննարկել բարձրացված խնդիրների լուծման հնարավորությունները։

Շրջայցն ամփոփվել է լրագրողների հետ ճեպազրույցով։ Նելլի Դավթյանն ու Ռեջիս Բուշյեն պատասխանել են ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին՝ անդրադառնալով նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերին, սպասարկման կազմակերպման առանձնահատկություններին և քաղաքացիներին հուզող հարցերին։