Համակարգի լրատուՏեսանյութեր

ՆԳՆ համակարգը՝ կարիերայի աճի հնարավորությունների հարթակ․ հանդիպում Կոտայքի մարզի երիտասարդների հետ

20 նոյեմբեր 2026 • 08:30

«Հավասար հնարավորություններ և նոր հեռանկարներ ՀՀ ՆԳՆ համակարգում» խորագրով հանդիպումը նոյեմբերի 17-ին Ծաղկաձորում համախմբել էր Կոտայքի մարզի երիտասարդներին՝ քննարկելու մասնագիտական կողմնորոշման, կարիերայի զարգացման և համակարգում սեփական ներուժն իրացնելու հնարավորությունները։
 
ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետ Գոհար Բեգոյանի խոսքով՝ «Խորագիրը պատահական չէր ընտրված․ քննարկման նպատակը ՆԳՆ համակարգի համար կանանց և տղամարդկանց հավասար ներգրավվածության կարևորությունը ընդգծելն է»։
 
«Մարդկային ռեսուրսները առանցքային նշանակություն ունեն յուրաքանչյուր համակարգի արդյունավետ գործունության համար՝ լինի հանրային կառավարման, թե մասնավոր համակարգ։ Լավագույն կադրերի ներգրավումը շատ կարևոր է համակարգի արդյունավետ գործունեության համար»,-նշում է ՄԱԶԾ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանը։
 
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը խոսել է նախարարության ենթակա ծառայություններում երիտասարդների մասնագիտական առաջխաղացման մասին՝ ընդգծելով հատկապես կանանց ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։
 
Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը կիսվել է իր անցած ճանապարհով՝ ներկայացնելով համակարգում առաջին քայլերն ու հաղթահարած մարտահրավերները։ Նա ընդգծել է, որ կայուն և մրցունակ ապագա կերտելու համար կարևոր է չվախենալ նոր հնարավորություններից, չսահմանափակել սեփական հավակնություններն ու կատարել համարձակ ընտրություն։
 
«Նման միջոցառումների շրջանակում հատկապես կարևորում ենք երիտասարդների ներգրավվածությունը, այդ թվում՝ այն երիտասարդների, որոնք գտնվում են մասնագիտական կողմնորոշման փուլում: Նման միջոցառումները հնարավորություն են տալիս երիտասարդներին մոտիկից ծանոթացնելու Ներքին գործերի նախարարության համակարգին, ինչպես նաև ներկայացնել, թե ինչպես կարող են աշխատանքի ընդունվել ՆԳ նախարարությունում»,-նշում է ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետ Գոհար Բեգոյանը։
 
ՄԱԶԾ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանի խոսքով՝ «Որպեսզի երիտասարդները կատարեն հստակ որոշում, պետք է ունենան համապատասխան գիտելիքներ և տեղեկատվություն տվյալ համակարգի վերաբերյալ և հատկապես այնպիսի ուժային կառույցի, ինչպիսին ոստիկանությունն է»։
 
Երիտասարդները ծանոթացել են ՆԳՆ համակարգի կառուցվածքին, ենթակա ծառայություններում համալրման կարգին և թեկնածուներին ներկայացվող պահանջներին։ Ներկայացվել են ՆԳՆ կրթահամալիրում մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունները, ընդունելության պայմաններն ու ուսումնական գործընթացի առանձնահատկությունները։
 
Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների հետ շփումները երիտասարդներին հնարավորություն են տվել անմիջականորեն ծանոթանալու նրանց աշխատանքային առօրյային ու մասնագիտական այն կարողություններին, որոնք անհրաժեշտ են ծառայողական խնդիրներն արդյունավետ կատարելու համար։
 
«Երիտասարդների կողմից հնչեցին մի շարք հարցեր՝ ուղղված ծառայության գրավչությանը, առաջխաղացմանը և այլն։ Բոլոր հարցերին տվեցինք հստակ պատասխաններ, նաև կիսվեցինք մեր փորձով»,- ասում է Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակի պարեկ Ջուլիետա Առուշանյանը։
 
Բաց երկխոսությունն ու ակտիվ քննարկումները երիտասարդներին հնարավորություն են տվել ՆԳՆ համակարգը դիտարկել նոր տեսանկյունից և գուցե այս հանդիպումը մասնակիցներից որևէ մեկի համար դառնա մասնագիտական նոր ճանապարհի սկիզբ։
 
Հանդիպումը կազմակերպվել էր «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության արդյունավետության խթանում մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ-ի կողմից՝ Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ։