Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
ՊաշտոնականՏեսանյութեր

Քննարկվել են ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին առնչվող ահազանգերի կառավարման միասնական համակարգի ներդրման, արձագանքման կազմակերպման, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետ համագործակցության հարցեր

26 մարտ 2024 • 15:45

Մարտի 26-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմիններին և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասին, լիտվացի փորձագետ Վիգանդես Քուրկուլիսին և տեղացի փորձագետ Արևիկ Սիմոնյանին։
Հանդիպմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալները։ Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունն ուղղված ՆԳՆ լայնածավալ բարեփոխումների իրականացմանը։
Կարևորելով միջազգային փորձը արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում՝ Կամո Ցուցուլյանը մատնանշել է մասնագիտական աջակցության ցուցաբերումը, փորձագետների դերակատարումը և արդյունավետ փոխհամագործակցությունը։
Թոմաս Բիկմանասը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին`իրավապահ համակարգի և անվտանգության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում, որի ենթաբաղադրիչներից մեկն է «Փրկարար ծառայության կառուցվածքի ակնարկ, ապակենտրոնացման մոդելի բացահայտումը»։ Բիկմանասը նշել է, որ ներկայումս ծրագրի աշխատանքային պլանի համաձայն` նախատեսվում է աշխատանքները շարունակել նոր ուղղություններով, որոնք ուղղված են փորձի փոխանակմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններին, հատկապես` կառավարման ոլորտի բարելավմանը, Փրկարար ծառայության և նրա տարածքային ստորաբաժանումների հիերարխիկ կառավարմանը, ապակենտրոնացման մոդելի կիրարկմանը։
Ներկայացնելով լիտվացի փորձագետին՝ ծրագրի ղեկավարը նշել է, որ ընտրված միջազգային կարճաժամկետ փորձագետը բավականին լայն փորձ ունի Լիտվայի հրշեջ-փրկարարական վարչության ամենաբարձր պաշտոններում, ինչպես նաև միջազգային նախագծերի իրականացման գործում, որը մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքում կկիրառվի հօգուտ ծրագրի ենթաբաղադրիչի արդյունավետ իրականացմանը և փորձի տեղայնացմանը։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին առնչվող ահազանգերի կառավարման միասնական համակարգի ներդրման, արձագանքման կազմակերպման, ինչպես նաև այլ պատասխանատու գերատեսչությունների հետ համագործակցության հարցեր։
Կամո Ցուցուլյանը համառոտ ներկայացրել է ՆԳՆ փրկարար ծառայության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները, վերջին տարիներին ծառայության ձեռքբերումներն ու հաջողությունները, միջազգային փորձառությունը, ճգնաժամային կառավարման առանձնահատկությունները և ներկայիս առաջնահերթությունները։
Հյուրերը եղել են նաև ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Հոգեբանական աջակցության բաժնում և Բժշկական ապահովման վարչությունում, տեղում ծանոթացել ստորաբաժանումների գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանը և գործառույթներին։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ապահովել ծրագրի իրականացման շարունակականությունը։