Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
ՊաշտոնականՏեսանյութեր

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը Հայաստանում է․ ՆԳ նախարարի տեղակալն ու ՄՔԾ պետը հանդիպել են առաքելության անդամներին

09 դեկտեմբեր 2025 • 11:15

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը։ Դեկտեմբերի 8-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է առաքելության ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, ԵՄ պատվիրակության, ԵՄ հաստատությունների, ՖՐՈՆՏԵՔՍ-ի ներկայացուցիչներ և ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետներ։

Արմեն Ղազարյանն իր խոսքում նշել է, որ համապատասխան գերատեսչությունների հետ բազմակողմ քննարկումները հնարավորություն կտան ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, ինչը կնպաստի ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առավել ամբողջական և խորը պատկերացումներին։ Փոխնախարարը նշել է, որ մի շարք ռազմավարական փաստաթղթեր մշակման փուլում են։

Կողմերն ընթացիկ գործընթացներում կարևորել են որակի առաջնահերթությունը՝ ընդգծելով, որ մշակվող փաստաթղթերը պետք է լինեն համակողմանի, կենսունակ և գործնականում կիրառելի՝ ապահովելով բարեփոխումների արդյունավետ իրականացումը:

Առաքելության անդամները բարձր գնահատելով Հայաստանի հետ կառուցողական գործընկերությունը՝ կարևորել են Գործողությունների ծրագրի օրենսդրական և ոլորտային քաղաքականությունների շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։
Նշվել է, որ Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցը նախատեսվում է պատրաստել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ։

Նույն օրը ԵՄ գնահատման առաքելության անդամները Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Ծառայության պետ Նելլի Դավթյանի գլխավորությամբ հանդիպել են գերատեսչության ղեկավար կազմի հետ։
Նելլի Դավթյանը նշել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ ներդնում է բազմակողմ և հետևողական ջանքեր։

Ծառայության պետը ներկայացրել է Գործողությունների ծրագրի վերաբերելի կետերը՝ անդրադառնալով ոլորտը կարգավորող քաղաքականության, իրավական շրջանակի, մշակվող նոր փաստաթղթերի, կենսաչափական համակարգի ներդրման, տվյալների և իրավական ինքնության պաշտպանության, սահմանների համալիր կառավարման, ապաստանի տրամադրման ոլորտներին, ինչպես նաև միգրացիայի կառավարման շղթայի այլ բաղադրիչներին։
Ծավալվել է ակտիվ քննարկում։