Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի զարգացումը նախարարության առանցքային ուղղություններից է․ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը մասնակցել է ղեկավար խորհրդի նիստի
19 նոյեմբեր 2026 • 07:30
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նոյեմբերի 18-ին մասնակցել է «Ներքին գործերի նախարարությունում և Ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման կատարելագործման միջոցով արդյունավետության բարձրացում և ծառայությունների բարեփոխում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին։
Մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարտերը, Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, ՆԳ նախարարության և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։
Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի զարգացումը ՆԳ նախարարության համար առանցքային ուղղություններից է։
Անդրադառնալով ծրագրի շրջանակում արձանագրված արդյունքներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ արդեն իսկ իրականացվում են օրենսդրական փոփոխություններ, կատարվել են վերլուծական և տեղեկատվական աշխատանքներ, անցկացվել են հարցումներ ու ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հավաքագրված տվյալները հիմք են հանդիսանալու հետագա բարեփոխումների համար։
Փոխնախարարն առանձնակի կարևորել է մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների թվայնացումը՝ նշելով, որ այդ ուղղությամբ արդեն իրականացվել են համապատասխան քայլեր։
Արմեն Մկրտչյանն անդրադարձել է նաև ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման համակարգի ներդրմանը՝ ընդգծելով, որ համակարգի մշակման աշխատանքները մոտենում են ավարտական փուլին։
ՆԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ծրագրի ֆինանսական աջակցությունն ապահովելու, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ գործընթացի համակարգման, ինչպես նաև ներգրավված բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։
Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարտերը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված առաջընթացի կապակցությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ ծրագիրը հաջողությամբ կիրականացվի սահմանված ժամկետում։
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին անդրադարձել է ծրագրի հաջորդ փուլի առաջնահերթություններին՝ վերահաստատելով ՄԱԶԾ պատրաստակամությունը՝ շարունակելու անհրաժեշտ մասնագիտական և տեխնիկական աջակցությունը։
Նիստի ընթացքում ամփոփվել են ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները, նախանշվել են հաջորդ փուլի ռազմավարական առաջնահերթությունները, մշակված իրավական և կազմակերպական լուծումների ներդրման հետագա քայլերն ու դրանց իրականացման ժամանակացույցը։