Անվտանգ երթևեկության երկու կարևոր պայման՝ հոգեբանական հավասարակշռություն և կանոնների պահպանում․ տրանսպորտային միջոցների թվի աճին զուգընթաց պատահարների հետևանքով զոհերի և տուժածների թիվը նվազել է
20 նոյեմբեր 2026 • 17:00
Ճանապարհային անվտանգությունը սկսվում է ոչ միայն երթևեկության կանոնների իմացությունից, այլև վարորդի հոգեբանական վիճակից։ Շտապողականությունը, զայրույթը, սթրեսն ու լարվածությունը երբեմն կարող են հանգեցնել այնպիսի որոշումների, որոնց հետևանքներն անդառնալի են։
Ամեն տարի ճանապարհատրանսպորտային պատահարները մարդկային բազմաթիվ կյանքեր են խլում կամ դառնում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների պատճառ։ Ու թեև պատահարների առաջացմանը կարող են նպաստել ճանապարհի ոչ պատշաճ կահավորումը կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական անսարքությունները, առանցքային գործոններից մեկը շարունակում է մնալ մարդը՝ նրա վարքագիծը, զգոնությունն ու սեփական հույզերը կառավարելու կարողությունը։
Լարվածության պայմաններում անգամ սովորական իրավիճակը կարող է վերածվել վտանգավորի, եթե վարորդը կորցնի ինքնատիրապետումը։ Մասնագետների գնահատմամբ՝ անվտանգ երթևեկության համար ճանապարհային կանոնների իմացությունից ոչ պակաս կարևոր են սեփական հույզերը կառավարելու, սթրեսային իրավիճակներում հավասարակշռությունը պահպանելու և պատասխանատու որոշումներ կայացնելու կարողությունները։
«Իրավաբանական գրականության մեջ ավտոմեքենան համարվում է առավելագույն վտանգի միջոց։ Դա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի այդ միջոցով դուրս գալու հասարակություն, դուրս գալ ճանապարհ, մտնել երթևեկության մեջ, և շատ կարևոր է այն պատասխանատվության զգացումը, որ յուրաքանչյուր վարորդ ճանապարհ դուրս գալուց, մեքենան վառելուց առաջ զգում է։
Շատ ցանկալի կլինի, որ բոլորս ղեկին նստելուց առաջ գտնվենք հոգեպես հավասարակշռված վիճակում։ Չէ՞ որ մենք դեռ չգիտենք, թե ճանապարհին ինչպիսի սթրեսային իրավիճակներ կարող են հայտնվել, և եթե մենք արդեն ինքներս էլ մի լավ հոգեբանական վիճակում չեն գտնվում, գումարվում է նաև ճանապարհին պատահող սթրեսային իրավիճակները, և մենք կորցնում ենք խելամիտ վարելու մեր ունակությունը»,- նշում է հոգեբույժ Գերասիմ Վարդանյանը։
Վարորդի պատասխանատու վարքագիծը ճանապարհային անվտանգության կարևոր նախապայմաններից է։ Սակայն ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը պահանջում է նաև ամենօրյա վերահսկողություն, իրավախախտումների ժամանակին հայտնաբերում և հետևողական կանխարգելիչ աշխատանք։
Այդ ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունն իրականացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված ամենօրյա ծառայություն։ Ուշադրության կենտրոնում հատկապես այն խախտումներն են, որոնք կարող են անմիջական վտանգ ստեղծել երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության համար։
«Մենք 2 տարի անընդմեջ ունեցել ենք ևս զոհերի թվի նվազում, այսինքն՝ 2026 թ․-ին արձանագրված 6-ով նվազումը պետք է գումարել նաև նախորդ տարիների նվազմանը, քանի որ արդեն փոքր թվի համեմատ է մեր այս արձանագրած ցուցանիշը։ Եվ եթե թվերի հանրագումարից խոսենք, ապա նախորդ 2 տարիների 95-ով պակաս զոհերի և այս տարվա 6-ով պակաս զոհերի հանրագումարում կստանանք, որ 2024, 2025 և 2026 թվականների կտրվածքով ունենք արդեն իսկ մոտ 100 զոհով պակաս, քան ունեցել ենք նախկինում»,-մանրամասնում է ՊԾ պետի տեղակալ Արմանի Չիլինգարյանը։
Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև հանրապետությունում տրանսպորտային միջոցների թվաքանակի շարունակական աճը։
Մասնավորապես, եթե 2025 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ Հայաստանում հաշվառված էր 962 հազար 790 տրանսպորտային միջոց, ապա մեկ տարվա ընթացքում դրանց թիվն ավելացել է ավելի քան 65 հազարով՝ հասնելով 1 միլիոն 27 հազար 839-ի։
Ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը շարունակական գործընթաց է, որի արդյունավետությունը կախված է ինչպես պետական մարմինների հետևողական աշխատանքից, այնպես էլ երթևեկության յուրաքանչյուր մասնակցի գիտակցված և պատասխանատու վարքագծից։
ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ճանապարհային կարգապահության ամրապնդման, իրավախախտումների կանխարգելման և անվտանգ երթևեկության ապահովմանն ուղղված աշխատանքները։ Սակայն նույնիսկ ամենախիստ վերահսկողությունը չի կարող փոխարինել վարորդի անձնական պատասխանատվությանը։