Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
ՏեսանյութերՊաշտոնական

Այսօր ՆԳՆ ոստիկանությունն առավել քան երբևէ զերծ է քաղաքականությունից և ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի տրվում է համապատասխան արձագանք․ ՆԳ նախարարի հարցազրույցը «Բուն TV»-ին

16 նոյեմբեր 2026 • 11:24

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Բուն TV»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ ներքին անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, արձանագրված արդյունքներին և առաջիկա անելիքներին։

Մասնավորապես՝

 2023 թվականից Հայաստանում փոխվել են թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարական առաջնահերթությունները․ Կառավարության որդեգրած նոր մոտեցմամբ՝ առաջնային է դարձել թմրամիջոցների ներմուծման և արտադրության շղթաների բացահայտումն ու խափանումը։

 Պարեկային ծառայության աշխատանքի առանցքում մարդկային կյանքերի պահպանումն է։ Առավել վտանգավոր խախտումների նկատմամբ հետևողական վերահսկողությունը և վարելու իրավունքից զրկելու դեպքերի էական աճը նպաստել են 2024-2026 թվականներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի ու վիրավորների թվի նվազմանը։
 
 Պետությունը պետք է հստակ իմանա, թե ով է մուտք գործում Հայաստանի Հանրապետություն և ինչ նպատակով․ հնարավոր բոլոր ռիսկերը պետք է լինեն պետության տեսադաշտում։ Սահմանների համալիր կառավարման բարեփոխումները կնպաստեն սահմանային հսկողության ընթացքում ռիսկերի գնահատման հստակ և ամբողջական մեխանիզմների ներդրմանը։
 
 Հայաստանի միգրացիոն քաղաքականությունը միտված է կանոնավոր և կառավարելի միգրացիոն հոսքերի ապահովմանը՝ համադրելով պետության անվտանգությունն ու միգրանտների իրավունքների պաշտպանությունը։ Հայաստան ժամանող անձանց այցի նպատակի հստակեցումը թույլ կտա ունենալ առավել ճշգրիտ պատկեր՝ կատարելագործելով նաև զբոսաշրջության ոլորտի քաղաքականությունը։

 Վարչապետի հստակ ցուցումով հավաքների և այլ գործընթացների ժամանակ Ոստիկանությունը գործում է օրենքի տառին համապատասխան։ Այսօր ՆԳՆ ոստիկանությունն առավել քան երբևէ զերծ է քաղաքականությունից․ ոչ իրավաչափ վարքագծին արձագանք է տրվում՝ անկախ անձանց քաղաքական պատկանելությունից։

2025 թվականին ձևավորվել է Ոստիկանության գվարդիան, և առաջին անգամ Ներքին գործերի նախարարի հրամանով ամրագրվել է ուժի կիրառման ստանդարտը․ յուրաքանչյուր ծառայող պետք է հստակ իմանա՝ ինչ միջոցներ, երբ և ինչպես կիրառել։

Պատասխանատվության անխուսափելիությունը պետք է ապահովվի պետական մարմինների համակարգված աշխատանքով․ քաղաքացին պետք է ստանա հստակ պատասխան և տեսանելի արդյունք՝ առանց պատասխանատվությունը մի մարմնից մյուսին փոխանցելու։

Անդրադառնալով առաջիկա մեկ տարվա ընթացքում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ հարցին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է․ «Ոստիկանության աշխատանքի թվայնացումը հաստատապես տեղի է ունենալու, որպեսզի հանցավորության դեմ պայքարը և մնացած բոլոր աշխատանքները լինեն ապացուցահեն»։