Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
ՊաշտոնականՏեսանյութերՄիջազգային համագործակցություն

Նոր ծրագրեր ուղղված ոստիկանների ու փրկարարների կարողությունների զարգացմանը․ Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին

28 հուլիս 2026 • 05:00

Հուլիսի 21-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

Կողմերը բարձր են գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը, ինչի շնորհիվ շարունակաբար արձանագրվում են շոշափելի արդյունքներ։

Հանդիպման ընթացքում Դեյվիդ Ալենը նախարարին է ներկայացրել ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության նորանշանակ պետ Կարիմ Քուրեշիին։ Վերջինս ներկայացրել է իր մասնագիտական ուղին, կատարած աշխատանքներն ու հայկական կողմի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել։

Արփինե Սարգսյանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Կարիմ Քուրեշիին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կընդլայնվեն։

Անդրադարձ է կատարվել կիբեռանվտանգության ոլորտում օրենսդրական փոփոխություններին, մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորություններին։ Նշվել է, որ ամերիկյան գործընկերների աջակցությամբ կիբեռլաբորատորիայի համալրման նպատակով իրականացվող գնման գործընթացը մոտենում է ավարտին։

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վերահաստատել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։

Անդրադարձ է կատարվել ՆԳՆ կրթահամալիրում ոստիկանների և փրկարարական ծառայողների կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող կրթական ծրագրերին՝ շեշտադրվել հատկապես սահմանապահների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններն ու այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցությունը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Փրկարար ծառայության և Ոստիկանության գվարդիայի ուղղություններով համագործակցության ընդլայնման վերաբերյալ՝ վերահաստատելով արդյունավետ գործընկերությունն ընդլայնելու պատրաստակամությունը։