Իրազեկում․ նոր փաստաթղթերի արժեք, դիմելուց հետո երբ պատրաստ կլինի փաստաթուղթը, արտոնություններ՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար
04 նոյեմբեր 2026 • 05:27
Սիրելի՛ քաղաքացիներ, շարունակում ենք պատասխանել նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի վերաբերյալ ձեր հարցերին։
Սկսենք ամենաշատը հնչող հարցից՝ որքա՞ն արժեն նոր փաստաթղթերը և ինչպե՞ս է որոշվել գինը։
Նոր կենսաչափական անձնագիրն արժե 28 650 դրամ, իսկ նույնականացման քարտը՝ 5 950 դրամ։
Այս գները որոշվել են միջազգային բաց մրցույթի արդյունքում։ Ընտրվել է ամենացածր գին առաջարկած ընկերությունը։ Կարևոր է իմանալ, որ պետությունն այդ գումարին ոչ մի դրամ չի ավելացրել։ Այսինքն՝ քաղաքացին վճարում է փաստաթղթի համար սահմանված ինքնարժեքը։
Իսկ եթե արտերկիր չեք մեկնելու, պարտադի՞ր է անձնագիր ստանալ։
Ո՛չ։ Եթե չեք պատրաստվում ճամփորդել, կարող եք ստանալ միայն նույնականացման քարտ՝ վճարելով 5 950 դրամ։
Քանի՞ օրում կստանաք նոր փաստաթուղթը։
Ձեր կենսաչափական տվյալները հանձնելուց հետո՝ 14-րդ աշխատանքային օրը։ «ՀայՓասը» նախապես ձեզ կտեղեկացնի, թե երբ կարող եք ստանալ փաստաթուղթը։ Մեր գործընկերների հետ աշխատում ենք նաև արագացված ծառայության ներդրման ուղղությամբ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք փաստաթուղթը ստանալ ավելի կարճ ժամկետում։ Այս հնարավորության գործարկման ժամկետների և պայմանների մասին ևս նախապես կտեղեկացնենք։
Եվ ևս մեկ կարևոր հարց՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար զեղչեր կամ արտոնություններ լինելո՞ւ են։
Այո՛, նախատեսվում են։
Կառավարությունը նախատեսում է աջակցության հնարավորություն, որպեսզի սոցիալական որոշ խմբերի համար փաստաթղթերի վճարը ամբողջությամբ կամ մասամբ հոգա պետությունը։
Թե ովքեր կարող են օգտվել այդ աջակցությունից և երբ, առաջիկայում լրացուցիչ կտեղեկացնենք։
Շարունակեք ուղարկել ձեր հարցերը, իսկ մենք կշարունակենք պատասխանել դրանց՝ պարզ և հասկանալի։