Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ողջ անձնակազմի վերապատրաստման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։ Վերապատրաստմանը մասնակցելու է շուրջ 540 աշխատակից:
Մեկնարկին ողջույնի խոսքով է հանդես եկել Ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նա խրախուսեց մասնակիցներին ազատ և ինտերակտիվ ներգրավվել քննարկումներին՝ ընդգծելով նախաձեռնության նպատակը, այն է՝ բարելավել վարչարարական գործընթացներն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։
20-25 հոգանոց երկուական խումբ զուգահեռաբար անցնում է երկու շաբաթ տևողությամբ դասընթացը։ Ավարտին խմբի մասնակիցները հանձնելու են թեստային առաջադրանքներ։ Դրանք հաղթահարած մասնակիցները կանցնեն հարցազրույցի փուլ: Այն հաղթահարած աշխատակիցները կնշանակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան պաշտոններում:
Դասընթացի թեմաներն են.
• քաղաքացիության հարցեր,
• օտարերկրացիներին վերաբերող կարգավորումներ,
• ապաստան և փախստականներ,
• ռեադմիսիա,
• անձնագրային ծառայություններ,
• բնակչության ռեգիստրի հետ աշխատանք,
• աշխատանք փաստաթղթերի և տվյալների շտեմարանների հետ,
• սահմանային հսկողություն,
• ինչպես նաև սպասարկման և հաղորդակցության հմտություններ:
Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության ձևավորման օրենսդրական փաթեթով Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը միավորվել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տանիքի ներքո։ ՆԳՆ ենթակայությամբ ձևավորված մարմնում պաշտոնի կնշանակվեն միայն վերապատրաստման երկու փուլերը հաղթահարած մասնակիցները:
Վերապատրաստման արդյունքում կհամալրվեն աշխատակիցների գիտելիքները, կբարելավվեն հմտությունները, նշանակումների փուլում գնահատող հանձնաժողովն ավելի ճկուն կլինի թեկնածուին համապատասխան պաշտոն առաջարկելու հարցում՝ մարմնի նոր կանոնադրության և կառուցվածքի պայմաններում:
Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության և Միգրացիայի միջազգային կազմակերպության գործընկերների աջակցությամբ:

Նմանատիպ գրառումներ