Հունիսի 1-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Ղուրամ Ֆարուքի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին` Արփինե Սարգսյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, ընդգծել հատկապես Պետական հատվածի արդիականացման 3-րդ վարկավորման ծրագրի շրջանակներում (PSMP-3) արդյունավետ փոխգործակցությունը և ներկայացրել Ներքին գործերի նախարարության կազմավորման գործընթացն ու առաջնահերթությունները։

Հյուրերը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նույնպես բարձր են գնահատել արդյունավետ փոխգործակցությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել։

Կողմերը քննարկել են Պետական հատվածի արդիականացման 4-րդ վարկավորման ծրագրի շրջանակներում համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ հարցեր։

Համագործակցության շրջանակներում հատկապես ընդգծվել է նախարարության ներքին կառավարման մեխանիզմների արդիականացման, բիզնես պրոցեսների ավտոմատացման, ոստիկանության հենասյունային ուղղությունների միջև տվյալների փոխանակման և դրանով իսկ ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև լիցենզիաների և թույլտվության համակարգերի, նյութական պահուստների տվյալների և այլ ուղղությունների արդիականացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։

Նմանատիպ գրառումներ