ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների ՆԳ նախարարությունների համագործակցությունը, որը սկիզբ է առել 2004 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում։
Նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է նաև ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին՝ այդ գործընթացում կարևորելով միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական Միության դերը։
Դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ողջունել ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները, նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեփոխումների գործընթացին։
Խոսելով ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումների մասին՝ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ մեծ ծավալով իրականացվում են նախարարության ձևավորմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ կանոնադրության հաստատում, հաստիքների համալրում և այլն։ Նա նաև նշել է, որ կառուցվածքը ձևավորելիս ուշադրություն է դարձվել հանրային ծառայություններին, որոնք մատուցվում են քաղաքացիներին, և մինչև տարեվերջ կավարտվեն համալրման աշխատանքներն ու նախարարությունը ամբողջ ծավալով կկարողանա գործարկվել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մասնագետների փորձի փոխանակմանը և վերապատրաստմանն ուղղված մի շարք հարցեր։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու ձևավորված սերտ համագործակցությունը։

Նմանատիպ գրառումներ