Դեկտեմբերի 7-ը 1988 թ․ Երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։

35 տարի առաջ՝ 1988 թ․ դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11․41-ին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից։

Վայրկյանների ընթացքում Հայաստանը վերածվեց աղետի գոտու, սակայն ժամեր անց միայն հնարավոր եղավ պարզել հուժկու աղետի իրական պատկերը․ ավերվել էին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների մի շարք գյուղեր ու բնակավայրեր։ Իրավիճակը դարձել էր անվերահսկելի։
Երկրաշարժի հետևանքները վերացնելու համար երկրի ղեկավարությունը առաջին անգամ պաշտոնապես դիմեց միջազգային կառույցներին՝ հումանիտար օգնության համար։

Մարդկանց օգնությունը, փրկությունը, նյութական արժեքների պահպանումը իր շուրջը համախմբեց միջազգային կառույցներին, որի շրջանակներում Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին շուրջ 113 երկրի կառավարություններ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և անհատներ` ցուցաբերելով մարդասիրության բացառիկ դրսևորում։

Աղետալի երկրաշարժից դասեր քաղեց ամբողջ աշխարհը. որպես արդյունք՝ 1991 թվականին միջազգային մասնակցությունը և համակարգումը հեշտացնելու, որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար ստեղծվեց Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբը (INSARAG), որի քարտուղարությունը ստանձնեց Միավորված ազգերի կազմակերպությունը։

2011 թ. Հայաստանը INSARAG-ի արտաքին որակավորում անցնելու համար հայտ ներկայացրեց: 2015 թ. սեպտեմբերին Փրկարար ծառայության քաղաքային որոնողափրկարարական թիմը պատվով հաղթահարեց Միավորված ազգերի կազմակերպության միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 36-ժամանոց արտաքին որակավորման քննություն-վարժանքը և ստացավ միջազգային որակավորման վկայական՝ դառնալով միջազգային փրկարարական ընտանիքի անդամ:

Հայաստանի համար շատ կարևոր էր անդամակցել նման հայտնի միջազգային կառույցի, ինչը թույլ տվեց ոչ միայն օպերատիվ աջակցություն ստանալ միջազգային փրկարարների կողմից, այլ նաև ուղարկել սեփական քաղաքային որոնողափրկարարական թիմն աշխարհի տարբեր երկրներ՝ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Այսօր էլ՝ 35 տարի անց, Հայաստանը շարունակում է հաղթահարել աղետի հետևանքները՝ բարձրացնելով ուժերի պատրաստվածությունը, մարդկանց իրազեկվածությունը․ կազմակերպվում են վարժանքներ, դասընթացներ, իրազեկման արշավներ և բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության պաշտպանվածության բարձրացմանը և աղետներին դիմակայունությանը։

Նմանատիպ գրառումներ