Ապրիլի 26-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը և ներկայացրել դեռևս 2023 թ. հոկտեմբերի 5-ին Կառավարության որոշմամբ հաստատված՝ Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումները։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր ռազմավարության հաստատմամբ աղետների ռիսկի նվազեցումից անցում է կատարվել աղետների ռիսկի կառավարմանը՝ սահմանելով ոլորտի դերակատարների իրավասությունները և ստեղծելով կառավարման նոր մոդել:
Նա կարևորել է համապետական մակարդակում հնարավոր սեյսմիկ ռիսկի ինդեքսավորման գործընթացը և դրանց հաշվառմամբ սեյսմիկ անվտանգության ոլորտի նորմերի մշակմանն ուղղված աշխատանքները։
Այդ ուղղությամբ իրականացված և նախատեսվող միջոցառումների մասով փոխնախարարը կարևորել է քաղաքաշինության ոլորտը կարգավորող նորմերի լրամշակման գործընթացը՝ հաշվի առնելով գործող միջազգային չափանիշները և լավագույն փորձը:
Խոսելով ՆԳ նախարարի գլխավորությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության մասին՝ Արփինե Սարգսյանը մատնանշել է կազմի ներառականությունը. խմբում ներգրավված են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները։
Նա անդրադարձել է նաև սեյսմիկ անվտանգության ոլորտի նորմերի պահպանման վերաբերյալ հանրային ընկալումներին՝ ընդգծելով բնակչության իրազեկման մակարդակի բարձրացման և պատրաստվածության կարևորությունը։
Պատվիրակության անդամները ներկայացրել են «Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության մշակում» ծրագրի խնդիրներն ու նպատակները։
Նրանք անդրադարձել են ծրագրի շրջանակներում Հայաստանում սեյսմիկ անվտանգության ոլորտում կատարված աշխատանքներին, մասնավորապես՝ 46 դպրոցների վերակառուցմանը և համայնքներում հանրային իրազեկման միջոցառումներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեյսմիկ անվտանգության ոլորտում հավակնոտ և համապարփակ ռազմավարական փաստաթուղթ ունենալու շուրջ, և այդ ուղղությամբ ՆԳ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել համակարգել գործընթացն ու միջգերատեսչական արդյունավետ համագործակցությամբ ապահովել ռազմավարական մոտեցումների իմպլեմենտացումը։